Քաղպաշտպանության համակարգի արդիականացումն ու կենսագործունեությունը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են
3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են Հայաստանում առկա հակաճառագայթային թաքստոցները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը՝ հավելելով, որ արձանագրված թերությունները վերացնելու, հակաճառագայթային թաքստոցները սահմանված նորմերով ապահովելու նպատակով գրություններ են ուղարկվել ՀՀ Շիրակի, Տավուշի և Լոռու մարզպետարաններին:
«Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող հակաճառագայթային թաքստոցները: Ամփոփվել են հաշվետու ժամանակահատվածում բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների, կազմակերպությունների նկուղային հարկերի ուսումնասիրությունների արդյունքները:
Բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերի ուսումնասիրությունների արդյունքները ճշտելու նպատակով ընտրանքային եղանակով կազմակերպվել են անակնկալ ստուգայցեր»,- նշեց Ղազարյանը:
Ամփոփվել է 2026 թվականին պետական, պետական կառավարման մարմինների արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտների միջոցառումների պլան-ժամանակացույցը և ստեղծվել համապատասխան բազա:
Ըստ այդմ՝ ՀՀ Արարատի, Արմավիրի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր գործուղված ծառայողները մասնակցել են 2026-2031 թվականներին կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ենթակա թվով 300 դպրոցի տեղորոշման և միջամտության տեսակը որոշելու, ինչպես նաև նախապես տեղորոշված՝ թվով 48 դպրոցի ցանկն ու վիճակը ուսումնասիրելու գործընթացին և ներկայացրել համապատասխան առաջարկություններ:
«Ապահովվել են զորահավաքային նախապատրաստության միջոցառումները՝ գործող պլանների համաձայն։ Ամփոփվել են ազդարարման համակարգերի փորձարկումների արդյունքները և ներկայացվել համապատասխան ստորաբաժանումներին։ Իրականացվել է 208 փորձարկում․ հայտնաբերված անսարքությունները վերացնելու ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ներկայացվել են համապատասխան առաջարկություններ»,- տեղեկացրեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը։