Հայաստան

2026թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում գրանցվել է 569 տարերային բնույթի արտակարգ դեպք

8 րոպեի ընթերցում

2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ փրկարար ծառայության գործունեության արդյունքներին ու վիճակագրական տվյալներին նվիրված ասուլիս
2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ փրկարար ծառայության գործունեության արդյունքներին ու վիճակագրական տվյալներին նվիրված ասուլիս

Հայաստանում 2026թ. առաջին կիսամյակում գրանցվել է 569 տարերային բնույթի արտակարգ դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նման դեպքերի թիվն աճել է 160-ով կամ 39.1%-ով։ Այդ աճը պայմանավորվել է հեղեղման (17-ով կամ 9.5 անգամով), քարաթափման (64-ով կամ 2.7 անգամով), սողանքի (9-ով կամ 5.5 անգամով), ձնաբքի (50-ով կամ 5.5 անգամով), մերկասառույցի (92-ով կամ 78%-ով), առատ ձյան (22-ով կամ 2.6 անգամով), կայծակի (3-ով) և տեղատարափ անձրևի (7-ով կամ 38.9%-ով) ենթադասերում գրանցված աճերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ գրանցվել է հեղեղման և գետերի վարարման 19 դեպք (2025թ.՝ 2)։ 16 դեպքում հեղեղման պատճառ է հանդիսացել գետերի վարարումը, 2-ում՝ ձնհալը, 1-ում՝ հորդառատ անձրևը:  Գետերի վարարման 3-ական դեպք գրանցվել է Լոռու (Փամբակ (2) և Չիչխան գետեր) և Արարատի (Վեդի, Սևջուր և Ազատ գետեր), 2-ական՝ Գեղարքունիքի (Մասրիկ գետ), Սյունիքի (Մեղրի և Նորաշենիկ գետեր), Արագածոտնի (Քասախ և Ամբերդ գետեր) և Վայոց ձորի (Եղեգիս գետ), 1-ական՝ Տավուշի (Խնձորուտ գետ) և Կոտայքի (Ակունք գետ) մարզերում։

«Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է քարա­թափ­ման 102 դեպք (2025թ.՝ 38)։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատության գրանցվել է քարաթափումների թվաքանակի զգալի աճ ՝ 64-ով։ Դիտարկվող ժամանակահատվածում առավելագույն ցուցանիշ է գրանցվել Սյունիքի մարզում՝ 34 դեպք. մասնավորապես՝ 10 դեպք գրանցվել է Կապան քաղաքում, 17-ը՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի տարբեր կիլոմետրերին, 5 դեպք՝ Կապան-Քաջարան ավտոճանապարհին և 1-ական՝ Գորիս-Որոտան և Հալիձորից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհներին։

Հանրապետության ավտոճանապարհների վտանգավոր հատվածներում  առաջին կիսամյակի ընթացքում ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվել է 12 հարկադիր քարաթափում, որից Արարատի մարզում՝ 1, Գեղարքունիք՝ 3 և Կոտայքի մարզում՝ 8։ Հարկադիր քարաթափման աշխատանքները կրում են պարբերական բնույթ»,- նշեց Ղազարյանը։

Նա հավելեց, որ 2026թ. առաջին կիսամյակում հանրապետությունում գրանց­վել է  սողանքի 11 դեպք (2025թ.՝ 2): 3 դեպք գրանցվել է Սյունիքի մարզում. Կապան քաղաքում հորդառատ անձրևներից ակտիվացել է սողանքային երևույթ, ինչի հետևանքով մոտ 1 խմ հողազանգված և փոքր ծառեր հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում։

Տաթև-Լծեն ավտոճանապարհին ակտիվացել է սողանք, ինչից հողազանգվածը լցվել է ավտոճանապարհի երթևեկելի հատված՝ երկկողմանի փակելով այն։

Կապան-Ճակատեն ավտոճանապարհին ակտիվացել է սողանք, ինչի  հետևանքով 50 խմ հողազանգված լցվել է ավտոճանապարհ՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի։

6 դեպքում սողանքներն ակտիվացել են Կոտայքի մարզում, որից 3-ը՝ Աղվերան - Արզական ավտոճանապարհի տարբեր կիլոմետրերին, 1-ական Արզական-Բջնի ավտոճանապարհի 2 կմ-ին, Հրազդան քաղաքում և Աղվերան համայնքում. բոլոր դեպքերում հողազանգվածը լցվել է ավտոճանապարհի երթևեկելի հատված՝ խոչընդոտելով երթևեկությանը։

1 դեպք գրանցվել է Երևանում. ճանապարհահատվածում առաջացել է մոտ 4 քմ մակերեսով սողանք, ինչից էլեկտրական սյունը կորցրել է կայունությունը։

1 դեպք Վայոց ձորի մարզում ակտիվացել է սողանք, ինչից մոտ 200 խմ հողազանգված սահել և փակել է հանդամիջյան ճանապարհը, արմատախիլ են եղել 15 պտղատու և 20 դեկորատիվ ծառեր։

«Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանց­վել է ուժեղ քամու 45 դեպք (2025թ.՝ 62): Վտանգավոր տարերային երևույթի 3 դեպք գրանցվել է հունվար, 8-ը՝ փետրվար, 5-ը՝ ապրիլ, 11-ը՝ մայիս և 18-ը՝ հունիս ամիսներին:

2025թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է ուժեղ քամիների նվազում՝ 17-ով, 27.4%-ով: Ուժեղ քամու 7 դեպք արձանագրվել է մայրաքաղաքում, 8-ը՝  Լոռու, 6-ը՝ Արագածոտնի, 7-ը՝ Գեղարքունիքի, 3-ական` Արմավիրի, Սյունիքի, Տավուշի և Կոտայքի, 2-ական՝  Արարատի և Վայոց ձորի, 1-ը՝ Շիրակի մարզերում: Վնասվել են ընդհանուր առմամբ 87 շինության տանիք, 19 տրանսպորտային միջոց, 45 ծառ և 7 էլեկտրական սյուն»,- մանրամասնեց Ղազարյանը:

2026թ. առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է կարկուտի 13 դեպք (2025թ.՝ 30)։ 2025թ. հաշվետու ժամանակահատ­վածի համեմատությամբ կարկտահարման դեպքերի թվաքանակում գրանցվել է նվազում` 17-ով կամ 56.7%-ով:

3-ական դեպք գրանցվել է Լոռու և Շիրակի, 2-ական` Գեղարքունիքի և Տավուշի, 1-ական՝ Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում: Կարկուտի հետևանքով վնասվել են պտղատու այգիներ, մշակաբույսեր, ցանքատարածություններ, բանջարաբոստա­նային կուլտուրաներ, արևային կայաններ, 3409 տրանսպորտային միջոց, 1487 շինության տանիք։

Ձնաբքի, բքի, առատ ձյան և մերկասառույցի առաջացմամբ պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 307 դեպք (2025թ․՝ 133): Փրկարարները ոստիկանության և ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 2202 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 5122 մարդ:

 Սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքեր, պատահարներ։

Հանրապետությունում 2026թ. առաջին կիսամյակում գրանցվել է 1115 սոցիալ-կենսաբա­նական արտակարգ դեպքեր: 2025թ. հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ դեպքերը կազմել են 1381, նվազելով 266-ով կամ 19.3%-ով։

Սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերի ենթադասերում ցուցանիշները կրել են ինչպես աճի, այնպես էլ նվազման միտումներ։

Ինչպես 2003-2025թթ., այնպես էլ հաշվետու ժամանակահատվածում տվյալ դասում արտակարգ դեպքերի գերակշիռ մեծա­­­մասնությունը՝ 90.2%-ը, բաժին է ընկել մարդկանց շրջանում թունավո­րում­ներին (2025թ.՝ 94%-ը): Հարաբերական բարձր ցուցանիշներ են գրանցվել Արմավիրի (176 դեպք) և Արարատի (135 դեպք) մարզերում։

2026թ. առաջին կիսամյակում հանրապետության ջրային ավազաննե­րում գրանց­վել է ջրահեղձման 4 դեպք (2025թ.՝ 7), ինչից զոհվել է 6 մարդ:

«2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչությունում գրանցվել է 1312 զանգ, 912-ը՝ հոգեբանական, 400-ը՝ բժշկական խորհրդատվության վերաբերյալ։

Վերոնշյալ ժամանակահատվածում հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության ծառայողները հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են ընդհանուր թվով 130 ելք /մեկնում դեպքի վայր/ հոգեբանական մասով՝ 106 (նախորդ տարվա նույն ժամանակահատված՝ 87) և բժշկական մասով՝ 24»,- տեղեկացրեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում