Փարիզցիները քվեարկել են ևս 500 փողոց հետիոտնային դարձնելու օգտին
2 րոպեի ընթերցում

Փարիզի բնակիչները մարտի 23-ին կայացած հանրաքվեի ընթացքում քվեարկել են քաղաքի ևս 500 փողոց հետիոտնային դարձնելու օգտին՝ նոր թափ հաղորդելով քաղաքապետարանի ջանքերին՝ կրճատելու Ֆրանսիայի մայրաքաղաքում ավտոմեքենաների օգտագործումը և բարելավելու օդի որակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Այս նախաձեռնության օգտին է քվեարկել փարիզցիների 65,96%-ը, 34,04%-ը դեմ է արտահայտվել։
2023 թվականին Փարիզում հանրաքվե էր անցկացվել էլեկտրական սկուտերներն արգելելու և մեծ ամենագնաց մեքենաների կայանման վարձը եռապատկելու մասին, որոնց երկուսին էլ փարիզցիները կողմ են քվեարկել։
Մարտի 23-ի հանրաքվեի արդյունքում Փարիզում կվերացվի ևս 10 000 ավտոկայանատեղի. 2020 թվականից մայրաքաղաքում արդեն վերացվել է 10 000 կայանատեղի։ Փարիզի քաղաքապետարանը կխորհրդակցի քաղաքի 2 միլիոն բնակիչների հետ այն հարցի շուրջ, թե որ փողոցները պետք է դառնան հետիոտնային։ 500 նման փողոցների ավելացմամբ Ֆրանսիայի մայրաքաղաքում, այսպես կոչված, «կանաչ թոքերի» ընդհանուր թիվը կհասնի գրեթե 700-ի, ինչը կազմում է Փարիզի փողոցների մեկ տասներորդ մասը։
Այնուամենայնիվ, Փարիզը հետ է մնում այլ եվրոպական մայրաքաղաքներից իր կանաչ ենթակառուցվածքով՝ այգիներով, զբոսայգիներով, ծառապատ փողոցներով, ջրային գոտիներով։ Ըստ Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության՝ նման տարածքները կազմում են Փարիզի քաղաքային հատվածի միայն 26%-ը, մինչդեռ եվրոպական այլ մայրաքաղաքներում այդ թիվը կազմում է միջինը 41%։