Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծին

2 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց և հաստատեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրեց, որ նախագիծը որոշ խմբագրական փոփոխությունների է ենթարկվել։ Մասնավորապես, նախաբանից հանվել է «Հայաստանի Հանրապետությունը՝ արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի միասնական կամքը» հատվածը։

Փոփոխված ձևակերպման համաձայն՝ օրենքը շարադրվում է հետևյալ կերպ.

«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»։ 

Նախագիծն ընդունվեց հանձնաժողովի կողմից և կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում։ 

Ազգային ժողովը փետրվարի 11-ից սկսել էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները։ Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը։ 

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ 

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը հետաձգվել էին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում