ՀՀ ԱԳ նախարարը և Մեծ Բրիտանիայի պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման ՀՀ առաջարկը։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Դեյվիդ Լամմիին համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում կնքման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ՄԹ կողմից արտահայտված հստակ դիրքորոշման համար։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքների առնչությամբ նախարար Միրզոյանը վկայակոչել է ՀՀ կողմից ներկայացված՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որի վերաբերյալ չի ստացվել ադրբեջանական կողմի դրական արձագանքը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կողմից ներկայացված այս և մյուս՝ մասնավորապես, հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առաջարկները կարող են լուրջ հիմք լինել փոխվստահության ձևավորման և կայունության ապահովման համար։
Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լամմին մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։ Մասնավորապես, նախարար Միրզոյանը ներկայացրել է COP17 համաժողովը Հայաստանում անցկացնելու ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով այս ուղղությամբ ՄԹ հետ սերտ համագործակցության կարևորությունը։