ՆԳՆ-ն ՀՀ-ում վիզային կենտրոնների աշխատակազմն ընդլայնելու խնդրանքով դիմել է ԵՄ երկրներին և ստացել դրական արձագանք
2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը անդրադարձավ Հայաստանի քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերին՝ կապված Եվրոպական միության երկրների դեսպանությունների և վիզաների կենտրոններում առաջացող հերթերի, ինչպես նաև այդ հերթերի հնարավոր վաճառքի դեպքերի հետ։
«Պետական որևէ կառույց՝ անկախ նրանից ՆԳՆ-ն է, թե այլ մարմին, իրավասու չէ ազդելու ԵՄ դեսպանությունների, հյուպատոսարանների կամ վիզաների կենտրոնների գործունեության վրա։ Բայց, քանի որ մեր քաղաքացիների կողմից ստանում ենք իրավաչափ ահազանգեր, մենք դրանք փոխանցում ենք մեր գործընկերներին՝ համապատասխան արձագանք ստանալու ակնկալիքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը։
Սարգսյանը նշեց, որ արձանագրվել են ահազանգեր որոշ կազմակերպությունների վերաբերյալ, որոնք, ըստ քաղաքացիական դիմումների, զբաղվում են համակարգով տրամադրվող հերթերի ավտոմատ ամրագրմամբ, այնուհետև դրանք վաճառելով:
«Այս բոլոր տեղեկատվությունները մենք փոխանցում ենք մեր գործընկերներին, որպեսզի նրանք կարողանան կառավարելի դարձնել իրենց գործընթացները», – հավելեց նախարարը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիների բարձր մոբիլությունը, այդ թվում՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացված փոփոխությունները, որոնք հեշտացրել են տեղաշարժը, ՆԳՆ-ն դիմել է ԵՄ երկրների գործընկերներին՝ հնարավորության սահմաններում ընդլայնել Հայաստանում գործող վիզային կենտրոնների աշխատակազմերը։
«Ունեցել ենք դրական արձագանք, բայց ինքներդ եք հասկանում, որ պրոցես կա, որը պետք է Եվրոպական միության գործընկերները առանձին դեսպանությունների մասով իրականացնեն»,- նշեց նախարարը։