Հայաստան

2025 թվականին ՆԳՆ-ի թիրախը պետք է լինի անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումն ու աշխատանքների կատարելագործումը. Արփինե Սարգսյան

7 րոպեի ընթերցում

2025 թվականին ՆԳՆ-ի թիրախը պետք է լինի անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումն ու աշխատանքների կատարելագործումը. Արփինե Սարգսյան

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի բնորոշմամբ՝ 2025 թվականի ընթացքում նախարարության թիրախը պետք է լինի անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումն ու աշխատանքների կատարելագործումը։ Նախարարը կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների վերջնարդյունքը լինի գերատեսչության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում հայտարարել է ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Նախարար Սարգսյանը շեշտեց, որ 2024 թվականին կատարված ամենակարևոր աշխատանքը, թերևս, վերաբերում է ՀՀ ներքին գործերի նախարարության ձևավորմանը։

«Նախարարությունն արդեն իսկ իր անձնակազմով և ֆունկցիոնալով ձևավորվել է և գործում է, ու 2025 թվականի շրջանակներում մեր թիրախը պետք է լինի անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և կատարելագործման բարձրացումը, որպեսզի քաղաքականության մշակման տրամաբանության մեջ նախարարությունը կարողանա ամբողջ ծավալով իրականացնել իր առջև դրված խնդիրները»,-նշեց Սարգսյանը։

Խոսելով գերատեսչությունում իրականացվող բարեփոխումների մասին՝ նախարարը մատնանշեց, որ դրանցից ամենակարևորը համակարգում կրթական ուղղության փոփոխություններն են։  

«Կարևորագույն ձեռքբերումն է եղել այն, որ ընդունվել է օրենսդրական փաթեթ, որով միավորվել են նախարարության ենթակայության տակ գործող երկու կրթական հաստատությունները՝ ոստիկանության կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան»,-ասաց Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ 2024 թվականին ՀՀ ՆԳՆ-ն՝ ԱՄՆ-ի դեսպանատան հետ համատեղ, սկսել է մի ծրագիր, որի ֆոնդը կազմում է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար. ծրագրի շրջանակներում անդրադարձ է կատարվում մարդկային ռեսուրսների կառավարմանն՝ ինստիտուցիոնալ ասպեկտով և այն բոլոր գործիքակազմերով, որոնք նախարարությանը և ծառայություններին անհրաժեշտ են կադրային հավաքագրման, կատարողականի ճիշտ գնահատման, ինչպես նաև օբյեկտիվ առաջխաղացման տեսանկյունից։

Նա հայտնեց, որ 2024 թվականին շարունակվել է պարեկային ծառայության աշխատանքը, ջրային պարեկային ծառայությունը ևս շարունակել է իր աշխատանքները։ Նախարարի խոսքով՝ պարեկային ծառայությունը գրանցել է մի շարք տպավորիչ արդյունքներ։

«Միայն 2024 թվականի ընթացքում պարեկների կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել է 3691 հանցագործության դեպք։ 2025 թվականին մեր խնդիրը պետք է լինի բացահայտման այս ցուցանիշներն ավելացնելը»,-ընդգծեց նախարարը։

Նախարար Սարգսյանը հավելեց, որ 2024 թվականին գործարկվել են քրեական ոստիկանությունը և համայնքային ոստիկանությունը՝ ֆունկցիոնալ նոր բաշխվածությամբ։

Նախարարը նաև հիշեցրեց, որ ՆԳՆ-ն և Ազգային ժողովը 2024 թվականի ընթացքում ընդունել են ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին որոշումը․ «Արդեն այս տարվա փետրվարից ոստիկանության գվարդիայի ապագա պոտենցիալ ծառայողների վերապատրաստման աշխատանքներն ենք սկսել»։ 

Արփինե Սարգսյանի բնորոշմամբ՝ ՆԳՆ-ի համար նաև կարևոր է ոստիկանական ծառայության մեջ կանանց ներգրավումը, որի համար հայտարարված ընդունելության շրջանակներում արդեն իսկ դիմել է 625 անձ, որոնցից 495-ը քաղաքացիական անձինք են, մնացած 13-ը՝ ոստիկանության ծառայողներ։ Նախարարը շեշտեց, որ այս գործընթացը պետք է ընդլայնվի, որպեսզի կանանց համար ավելի գրավիչ դառնա ոստիկանության ծառայության կազմում աշխատանքը։ 

Անդրադառնալով հանցագործությունների քանակին՝ Սարգսյանը հայտնեց, որ 2024 թվականին արձանագրվել է, որ գրանցված հանցագործությունները նվազել են 434-ով կամ 1,1 տոկոսով։ 

Նախարարը նաև հայտնեց, որ 2024 թվականին, 2023 թվականի համեմատությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թվի նվազում է գրանցվել՝ 299-ով, զոհերի թվի նվազում՝ 45-ով և վիրավորների թիվը նվազել է 421-ով։ 

«Կարևոր է, որ այս բոլոր փոփոխությունները տանեն նրան, որ մենք հասնենք վերջնարդյունքին, իսկ մեր վերջնարդյունքը ոստիկանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է։ Պիտի փաստեմ, որ 2024 թվականին ունեցել ենք մի շարք սոցիալական հարցումներ, որոնք իրականացվել են ոչ թե ՆԳՆ-ի կողմից, այլ իրականացվել են միջազգային գործընկերների կողմից․ օրինակ՝ ԵԱՀԿ-ի կողմից պատվիրված հետազոտության արդյունքում հարցվողների 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ 2024 թվականին կարևոր է եղել նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությունը, որը ծածկում է 2024-ից 2026 թվականների շրջափուլը։ 

Նախարարը հայտնեց, որ 2024 թվականի ընթացքում ատեստավորման համար դիմել է ոստիկանության 8961 ծառայող, որոնցից շեմը հաղթահարել է 1031-ը։ Ատեստավորման համար դիմած 1808 փրկարար ծառայողներից անհրաժեշտ շեմը դեռևս հաղթահարել են  592-ը։

Նախարարը 2024 թվականի կարևոր նվաճում համարեց նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության պաշտոնական մեկնարկը։

Նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ 2025 թվականին ՆԳՆ-ի կարևոր աշխատանք է լինելու նաև բնական աղետների և անտառային հրդեհների հետ կապված գործունեությունը։ 

Նախարարի դիտարկմամբ՝ 2025 թվականը պետք է լինի նաև Փրկարար ծառայության բարեփոխումների տարի, քանի որ այդ ծառայությունը փոփոխությունների կարիք ունի, և դրա համար արդեն պատրաստ է հայեցակարգը, որն առաջիկայում քննարկվելու է ՀՀ կառավարության կողմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում