Հայաստան

Առողջապահության նախարարը հատկապես զվարճանքի վայրերում ձայնամեկուսացման նորմերը վերանայելու կարիք է տեսնում

2 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարը հատկապես զվարճանքի վայրերում ձայնամեկուսացման նորմերը վերանայելու կարիք է տեսնում

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տարբեր հաստատություններում, հատկապես զվարճանքի վայրերում ձայնամեկուսացման համար սահմանված նորմերը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավանեսյանը նման դիրքորոշում հայտնեց «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումներում: 

«Աղմուկը կոնկրետ աղդեցություն ունի ինչպես մարդու լսողական ապարատի վրա, այնպես էլ ամբողջ նյարդային համակարգի վրա, ամբողջ օրգանիզմի վրա: Առողջապահության համաշախարհային կազմակերպությունն աղմուկի ազդեցության մասով ունի հստակ ռեկոմենդացիաներ և սահմանված ստանդարտներ, որոնք պետք է պահպանվեն՝ ապահովելու համար մարդու նորմալ կենսագործունեությունը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ 2024թ Հանրային առողջության մասին օրենքն ամբողջությամբ վերանայվել է: Դրանում կարգավորումներ են ներառվել նաև աղմուկի վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ ենթաօրենսդրական ակտերով պետք է կարգավորվեն տարբեր վայրերում աղմուկի սանիտարահիգիենիկ նորմերը և թույլատրելի շեմերը, չափորոշիչները: 

«Դժգոհությունների և մարդկանց անհանգստության առիթ է տալիս զվարճանքի կենտրոններից եկող աղմուկի խնդիրը: Սանիտարական նորմերը, ձայնամեկուսացման համար անհրաժեշտ քաղաքաշինական նորմերը ևս մեկ անգամ պետք է համեմատել միջազգային ստանդարտների հետ՝ տեսնելու, թե ինչն է խնդիրը, որ դրանք շատ անգամ չեն պահպանվում»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարն նշեց, որ նախարարությունը՝ այս մասով հանդիսանալով քաղաքականությունը մշակող և փորձաքննություններ իրականացնող մարմնի պատասխանատու, աշխատանքներ է իրականացնում ընդլայնելու կարողությունները՝ թե մասնագետների վերապատրաստման և նոր մասնագետների պատրաստման, թե սարքավորումներով հագեցման համար: Նա խոստացավ, որ այս մասով աշխատանքները հետևողական են լինելու: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում