Թրամփը սպառնում է ազատազրկել Tesla-ն սաբոտաժի ենթարկողներին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ նախազգուշացում է արել Իլոն Մասկի Tesla մեքենաների վրա դիվերսիա կատարողներին: Նա նշել է, որ իշխանությունները փնտրում են նրանց, ինչպես նաև այդ դիվերսիաները ֆինանսավորողներին՝ հավելելով, որ նրանք երկար ժամանակով կբանտարկվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Truth Social-ում հրապարակված գրառման մեջ նշել է Թրամփը։
«Մարդիկ, որոնք կբռնվեն Tesla-ի վրա դիվերսիա կատարելիս, մեծ հավանականությամբ կազատազրկվեն մինչև քսան տարով, և դա վերաբերում է նաև ֆինանսավորողներին: Մենք փնտրում ենք ձեզ», - գրել է նա։
Մինչ այդ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել էր, որ Իլոն Մասկի Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ձեռնարկության դեմ վանդալիզմի մեջ մեղադրվող երեք կասկածյալներին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։
Բոնդին Tesla-ի մեքենաներին, ներկայացուցչություններին և լիցքավորման կայաններին հասցված մեծ վնասը որակել է որպես ներքին ահաբեկչություն:
ԱՄՆ-ում Tesla-ի ներկայացուցչությունների դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, բացի այդ, կատարվել են կանխամտածված վանդալիզմի և հրկիզման գործողություններ, որոնց պատճառը Թրամփի վարչակազմում Մասկի ազդեցությունն է: