Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը լրացուցիչ 1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային Մեծ յոթնյակի (G7) վարկի շրջանակներում, որը մարվելու է ռուսական սառեցված ակտիվներից ստացվող եկամուտներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Այսօր Եվրոպական հանձնաժողովը 1 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության լրացուցիչ մասնաբաժին է հատկացրել Ուկրաինային, որը մարվելու է ԵՄ-ում ռուսական սառեցված պետական ակտիվների եկամուտներից ստացվող միջոցների հաշվին», - ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ Բրյուսելի կողմից Կիևին այս տարվա սկզբից հատկացված ընդհանուր վարկն, այսպիսով, կազմում է 4 միլիարդ եվրո։ Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն ավելի վաղ պարտավորվել էր Ուկրաինային տրամադրել մոտավորապես 18 միլիարդ եվրոյի վարկեր, որոնք պետք է մարվեն ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից՝ G7-ի կողմից համաձայնեցված 45 միլիարդ եվրո վարկի շրջանակներում:
2024 թ. փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Մոսկվայի արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտավորապես 300 միլիարդ եվրո։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության տվյալների՝ ավելի քան 200 միլիարդ եվրո գտնվում է ԵՄ-ում, հիմնականում բելգիական Euroclear-ի հաշիվներում, որը աշխարհի խոշորագույն հաշվարկաքլիրինգային համակարգերից մեկն է:
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կողմից սառեցված ռուսական ակտիվների բռնագրավմանը։