Քաղաքականություն

ՀՀ և Բրազիլիայի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Բրազիլիայի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում առանձնազրույց է ունեցել Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի, ինչից հետո նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը և Մաուրո Վիեյրան հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված բոլոր հարցերն ու նախաձեռնությունները: 

Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման կոնկրետ հնարավորությունների շուրջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, կրթությունը, նորարարությունները, բարձր տեխնոլոգիաներն ու էներգետիկան: Երկուստեք ընդգծվել է ներդրումների և գործարար կապերի խթանման ուղղությամբ լրացուցիչ համատեղ ջանքերի գործադրման հարցում մեծ պատրաստակամությունը: Նախանշվել են առաջիկա անելիքները՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և գործակալությունների մասնակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադարձ կատարելով տարբեր հարթակներում արդեն իսկ ձևավորված ակտիվ փոխգործակցության հարցերի:

Տարածաշրջանային թեմաների համատեքստում նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման ՀՀ տեսլականը, այդ նպատակով գործադրված ջանքերը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակման, համաձայնեցման ուղղությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ տարածաշրջանում կայունության և համապարփակ խաղաղության համար:

Նշվում է, որ հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում