ՄԱԿ-ի մեկ աշխատակից զոհվել է, հինգը վիրավորվել են Գազայի հատվածում հարձակման հետևանքով
2 րոպեի ընթերցում

Միավորված ազգերի կազմակերպության մեկ աշխատակից զոհվել է, ևս հինգը վիրավորվել են Գազայի հատվածում՝ միջազգային այդ կառույցի հյուրատան վրա մարտի 19-ին իրականացված հարձակման հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ պայթյունը պատահական բնույթ չի կրել, ինչպես նաև պայմանավորված չէ ականազերծման աշխատանքներով:
Միաժամանակ, իսրայելական զինվորականները հերքել են տեղեկությունն այն մասին, որ հարվածել են Դեյր էլ Բալահ քաղաքում գտնվող ՄԱԿ-ի շենքին, որտեղ գտնվում էին մարդասիրական ծառայությունների աշխատակիցները։
Շաբաթվա սկզբին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին զանգվածային հարվածների վերսկսման մասին: ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ ռազմական գործողությունները վերսկսելու որոշմամբ Իսրայելի կառավարությունը վտանգում է Գազայում մնացած պատանդների կյանքը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ՀԱՄԱՍ-ից պահանջել է անհապաղ ազատ արձակել խմբավորման մոտ մնացած բոլոր պատանդներին՝ հակառակ պարագայում սպառնալով օգտագործել երկրի ողջ ռազմական ներուժը: Իսրայելի կառավարության ներկայացուցիչ Դավիդ Մենսերն էլ նշել է, որ Գազայում ռազմական գործողությունների վերսկսումը համաձայնեցվել է Վաշինգթոնի հետ։