Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԵՄ դիտորդների հետ կապված Ադրբեջանի մտահոգությունները կփարատվեն, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԵՄ դիտորդների հետ կապված Ադրբեջանի մտահոգությունները կփարատվեն, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի անհանգստություններին՝ կապված Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սիմոնյան ասաց. «Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրամիության քաղաքացիական դիտորդները, ինքն է այդ դիտորդներին պահում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որովհետև այն պահից, երբ ինքը կստորագրի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ»: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության՝ արդեն իսկ համաձայնեցված համաձայնագրի կետերից մեկը վերաբերում է երկու երկրների սահմանին երկու կողմերից որևէ երրորդ ուժի տեղակայման բացառմանը։  

Խոսելով սահմանին երրորդ ուժի տեղակայումը բացառող դրույթի վերաբերյալ հնչող մտահոգությունների մասին առ այն, որ պայմանագրի ստորագրումից և սահմանից ԵՄ դիտորդներին հեռացնելուց հետո Ադրբեջանը կարող է նոր հարձակում սկսել Հայաստանի դեմ՝ Ալեն Սիմոնյանն ասաց. 

«Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, ԵՄ դիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը, ի՞նչ տարբերություն»: 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում