Պոլիտեխնիկական համալսարանում գործարկվեց 150 կՎտ հզորությամբ արևային հերթական կայանը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքի տանիքին գործարկվեց 4-րդ արևային ֆոտովոլտային կայանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը մարտի 14-ին ներկա գտնվեց 150 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի բացման արարողությանը՝ միաժամանակ ծանոթանալով դրա առանձնահատկություններին, ինչպես նաև բուհի 9-րդ մասնաշենքի էներգաարդյունավետությանը միտված բարեփոխումներին։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն արդեն երկու տարի իրականացնում է նմանատիպ ծրագրեր։ Բուհն արդեն իսկ ունի ընդհանուր 400 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ։ Այս ծրագրերն, առհասարակ, իրականացվում են մի քանի տասնամյակի համար, որպեսզի պոլիտեխնիկական համալսարանն ինքն արտադրի իր իսկ էլեկտրաէներգիան և լինի ինքնաբավ»,-ասաց Ավինյանը՝ համոզմունք հայտնելով, որ արդեն հաջորդ տարի համալսարանը կհատի ինքնաբավության ցուցանիշը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ արևային կայանների գործարկումը մի քանի կարևորագույն խնդիր է լուծում։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ունենալով էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտ, նպատակ ունի էներգետիկայի ոլորտում պատրաստել այնպիսի մասնագետներ, ովքեր ՀՀ-ում նմանօրինակ խնդիրներ կլուծեն և դրանով կօգնեն, որպեսզի մասնավոր հատվածում ևս շատ ավելի արագ զարգացում լինի։Այսօր արձանագրում ենք, այս կայանները, ըստ էության, կառուցվել են մեր երիտասարդ մասնագետների ներգրավվածությամբ։ Կարևորագույն մյուս կոմպոնենտն էներգախնայողությամբ ֆինանսական տնտեսումների հնարավորությունն է։ Այսինքն՝ այս կայաններն ապահովվում են էլեկտրաէներգիայի ծախսի տնտեսում, իսկ տնտեսած միջոցները մենք կարողանում ենք ուղղել կրթության որակի բարձրացմանը, հետազոտական աշխատանքներին, ակադեմիական անձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը»,-նշեց ռեկտորը։
Համալսարանական մասնաշենքի էներգախնայողությանը միտված աշխատանքներին աջակցած «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ»-ի տնօրեն Կարեն Ասատրյանը շեշտեց, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացումն այլընտրանք չունի։
«Հիմնադրամի կողմից նշված նպատակներին հասնելու համար, ի թիվս բազմաթիվ ծրագրերի, իրականացվում են նաև հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման ծրագիրը, որի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել 12 հանրային նշանակության շենքերում՝ հիվանդանոցներ, համայնքապատկան շենքեր, մարզպետարաններ, կրթական հաստատություններ և, իհարկե, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը»,-ներկայացրեց Ասատրյանը՝ հավելելով ծրագրի շրջանակում փոխարինվել են բուհի երկու մասնաշենքերի պատուհանները։
Հիմնադրամի տնօրենի տեղեկատվությամբ՝ ընդհանուր ներդրումները Պոլիտեխնիկում կազմել են շուրջ 700 հազար դոլար։