ՀՀ ԱԳ նախարարը չափազանց կարևոր հանգրվան է համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չափազանց կարևոր հանգրվան է համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը նշեց ՀՀ Ազգային ժողովում կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքներ մասին զեկույցը ներկայացնելուց առաջ։
«Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և մեր՝ Հայաստանի Հանրապետության շուրջ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Տեքստը համաձայնեցված է։ Հայաստանն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի ստորագրման տեղի, ժամանակի և մյուս մանրամասների շուրջ»,-ասաց Միրզոյանը։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։