Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երրորդ մարզաշապիկը՝ Սևանի երանգներով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երրորդ նոր մարզաշապիկի գույնը Սևանա լճի երանգներով է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական բնական ժառանգության ինքնատիպ տարրերը, որոնք առաջին անգամ կիրառվեցին ազգային հավաքականի տնային մարզաշապիկի վրա, այժմ հայտնվել են նաև նոր՝ երրորդ  մարզաշապիկի դիզայնում։ Այն ստեղծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Macron ընկերության համագործակցության արդյունքում։

Ազգային ընտրանու անհատական դիզայնով առաջին տնային մարզաշապիկի վրա պատկերված էր Արարատ լեռը։ Այս անգամ հերթը Սևանա լճինն է՝ իր բազմաթիվ երանգներով։ Այս շապիկով Հայաստանի հավաքականը ֆուտբոլասերներին կներկայանա առաջիկա խաղերի ժամանակ։

Նոր՝ երրորդ մարզաշապիկն ունի կլոր օձիք և հորիզոնական ալիքավոր գծեր՝ կապույտի տարբեր երանգներով՝ մուգից մինչև բաց։ Մարզաշապիկի դիզայնը փոխանցում է Հայաստանի ամենամեծ և աշխարհի բարձրադիր ամենամեծ լճերից մեկի՝ Սևանա լճի մակերեսի ալիքների շարժումը։ Լճի թերակղզում և հարակից տարածքներում կանգնած են միջնադարյան վանական համալիրներ, որոնցից ամենահայտնին Սևանավանքն է։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Macron-ի տարբերանշաններն ամբողջացնում են շապիկի դիզայնը։

Շապիկի օձիքի ներքին հատվածում պատկերված է Հայաստանի Եռագույնը, ինչպես նաև ՀՖՖ-ի ու Macron-ի տարբերանշանները՝ “Designed in Bologna” գրվածքով։ Վերջինս երաշխավորում է, որ շապիկի մտահղացումը, դիզայնն ու արտադրությունը իրականացվել է Macron ընկերության շտաբ-բնակարանում` Վալսամոջիայում։ Մարզահագուստը ամբողջացնում են կապույտ շորտն ու գուլպաները։

Ինչպես բոլոր մարզաշապիկները, որոնք Macron ընկերությունը պատրաստում է գործընկեր ազգային ասոցիացիաների և ակումբների համար, Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը ևս պատրաստված է Eco Fabric պոլիեսթերից, որն ամբողջությամբ վերամշակված, հետսպառողական պլաստիկ է: Կենտրոնական հատվածի ու թևքերի համար կիրառվել է Eco Exalock, իսկ թիկունքում՝ Eco Micromesh հումքը, ինչպես նաև Eco Mesh ներդիրը. այն շապիկը դարձնում է ավելի թեթև և բարելավում է դրա օդափոխությունը:

Հայերեն