Ցուցահանդեսն օգնեց ավելի լավ ճանաչել ոչ միայն հնագետ, այլև մեծ հայասեր ու իրավապաշտպան Ժակ դը Մորգանին
6 րոպեի ընթերցում
Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Երեկ և այսօր. Ժակ դը Մորգանի հետքերով» միջազգային ցուցահանդեսի փակման արարողությունը, որի շրջանակում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, Հայ-ֆրանսիական Այրում 1, Դեբեդավան, Բենիամին հնավայրերի արշավախմբի համաղեկավար Լևոն Աղիկյանի կողմից անցկացվող շրջայց-էքսկուրսիան։
Լևոն Աղիկյանը շրջայցի ընթացքում ներկայացրեց ականավոր հնագետ Ժակ դը Մորգանի գլխավորած հնագիտական արշավախմբերի կողմից անցկացված պեղումների արդյունքները, ներկայում իրականացվող պեղումների ընթացքը և այլ մանրամասներ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն Աղիկյանը նշեց, որ անգամ հնագետ չլինելու դեպքում Ժակ դը Մորգանի մասին բացասական կարծիք հնարավոր չէ ունենալ, որովհետև նա ոչ միայն հայկական, այլև համաշխարհային հնագիտության մեջ մեծ ներդրում ունի։
«Այս ցուցադրությունն ունի կարևոր նշանակություն։ Շատերը որոշակիորեն լսել էին Ժակ դը Մորգանի մասին, սակայն ցուցադրությունն օգնեց նրան ավելի լավ ճանաչել ոչ միայն որպես անվանի հնագետ, այլև մեծ հայասեր ու իրավապաշտպան լինելու առումով, ինչպես նաև հնարավորություն ընձեռեց ծանոթանալ նրա նյութերին ու հետազոտություններին։ 1900-ականների սկզբին, երբ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացվեցին բռնաճնշումներ, իսկ հետո նաև ցեղասպանություն, Մորգանն այդ ամենի ականատեսը եղավ ու ոչ միայն հանդես եկավ հայապաշտպանությամբ, այլև աշխատություններ հրապարակեց հայերի մասին՝ բազմիցս հանդես գալով հայկական մշակույթը տարածելու նախաձեռնություններով»,- ասաց Աղիկյանը։
Հնագետի կարծիքով՝ Հայաստանն իր մշակույթով, ավանդույթներով ու հնությունների բազմազանությամբ գրավիչ է, ու պատահական չէ, որ Ժակ դը Մորգանը մեր երկիր ժամանեց որպես հանքարդյունաբերության ինժեներ, սակայն նրա վրա մեծ ազդեցություն թողեցին նաև հայ ժողովրդի ծեսերը, մշակույթը, իր հանդեպ վերաբերմունքը։
«Հայաստանի ողջ տարածքում պեղումներ կատարելիս՝ կարելի է ինչ-որ հետաքրքիր բան գտնել։ Բացի Մորգանից, տարբեր մասնագիտությունների տեր բազմաթիվ այլ անձինք Հայաստան են ժամանել բոլորովին այլ նպատակով, սակայն հետագայում ուշագրավ աշխատություններ են գրել Հայաստանի ու հայերի մասին։ Այնպես որ կապը մեր հնագիտության ու ժողովրդի հետ բավականին ամուր է։ Ֆրանսիայում Ժակ դը Մորգանին շատ ավելի լավ են ճանաչում, ծանոթ են նրա գործունեությանը։ Մենք ավելի շատ նրան հայաստանյան հանրությանը ներկայացնելու խնդիր ունենք, որովհետև շատերը չգիտեն, որ Մորգանը նույնիսկ հայ ժողովրդի պատմության վերաբերյալ աշխատություն է գրել՝ լինելով համաշխարհային մեծության հնագետ ու պատմաբան»,- ասաց Աղիկյանը։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր հերթին նշեց, որ ցուցահանդեսը կարևոր էր մի քանի տեսանկյունից, որովհետև աննախադեպ էր հենց Ժակ դը Մորգանի ամբողջ գործունեության համատեքստում նաև անցյալից դեպի ներկա համադրություն կազմակերպել Հայաստանի պատմության թանգարանում։
«Ոչ միայն առաջին անգամ հնարավորություն ունեցանք նրա իսկ պեղած նյութերը Հայաստան բերել, այլև առհասարակ հայ-ֆրանսիական արդի համագործակցության համատեքստում գնալ նրա հետքերով։ Ցուցահանդեսը կարճ ժամանակում կայացավ և իր հետ բերեց նաև տվյալ գործչի անցած ուղու հետաքրքիր արժևորման համատեքստ։ Հենց վերնագիրը լավագույնս բնորոշում է ցուցահանդեսը։ Դա հետաքրքիր նախադեպ կլինի ցուցահանդեսն ապագայում շարունակելու համար, որովհետև այստեղ ներկայացված են ընդամենը մի քանի իրեր ու առարկաներ։ Դրանք պեղվել են ավելի քան մեկդարյա ժամանակային միջակայքով, սակայն բոլորը խոսում են նույն բանի մասին»,- ասաց Պողոսյանը։
Նա հավելեց, որ ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ֆրանսիայի հնագիտության ազգային թանգարանի գործընկերները։ Նրանք հաճելիորեն զարմացել էին, որ կարճ ժամանակամիջոցում հնարավոր է եղել ստանալ բավականին հետաքրքիր համատեքստ՝ առանցքում ունենալով նաև գիտական գործունեության արժևորումը։
«Ժակ դը Մորգանը կարևոր մտավորական է, ուստի նրա գործունեության արժանի գնահատումը նույնպես էական է։ Նա ոչ միայն պեղումներ է կատարել Հայաստանում, այլև իր ամբողջ կյանքում մշտապես հավատարիմ է մնացել Հայաստանին և հայագիտությանը, չի դադարել իր ձայնը բարձրացնել Հայոց ցեղասպանության ընթացքում հայ դատի թեմայով։ Մորգանը շատ կարևոր մի անհատ է, ում արժեր անդրադառնալ նաև միջազգային համագործակցության համատեքստում, ուստի այդ գործում շատ էական էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դերակատարումը, որն այս միջոցառումը նախաձեռնած կողմերից մեկն է՝ ստեղծելով յուրատեսակ կամուրջ, որպեսզի մի շարք ինստիտուտներ Հայաստանում և Ֆրանսիայում համախմբվեն։ Այս ցուցահանդեսը կայացավ հենց այդպիսի համագործակցության արդյունքում»,- ասաց Պողոսյանը։