ՀՀ վարչապետի ելույթով կմեկնարկի «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը
2 րոպեի ընթերցում

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում մարտի 15-ին տեղի կունենա համանուն բանախոսությունների շարքի առաջին միջոցառումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Իմ Քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, մեկնարկային հանդիպման խոսնակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես կգա «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով։
Միջոցառմանը հրավիրված են նրանք, ովքեր նախկինում մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմանդրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին. շարժման շրջանակում արդեն տեղի է ունեցել 19 հանդիպում Հայաստանի տարբեր համայնքներում, որոնց մասնակիցները բազմիցս բարձրաձայնել էին ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունների անհրաժեշտությունը, ուստի բանախոսությունների շարք սկսելու գաղափարը վաղուց հասունացել էր։
Տիկին Աննա Հակոբյանը ոգեշնչվել է «ԹԵԴ Թոք»-երի միջազգային լավագույն փորձով (TED-formatted talks), որոնց ձևաչափով էլ Հայաստանում ստեղծվում է կրթական նոր, ոչ ֆորմալ հարթակ: Վերջինս միտված է հնարավորություն տալ հասարակության լայն շերտերին՝ ընդլայնելու իրենց գիտելիքները, բացահայտելու նոր մտքեր և խորացնելու պատկերացումները ամենատարբեր թեմաների շուրջ։
«Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի շրջանակում Աննա Հակոբյանը պլանավորում է առաջիկայում հյուրընկալել տարբեր ոլորտների առաջատար բանախոսների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Բանախոսությունները լինելու են շարունակական, հանրության համար` բաց, և ընդգրկելու են բազմաբնույթ թեմաներ՝ գիտությունից մինչև արվեստ, տնտեսությունից մինչև փիլիսոփայություն։ Նպատակն է՝ ստեղծել մի հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է սովորել, կիսվել գաղափարներով և ստանալ նոր գիտելիքներ, որոնք կնպաստեն ինքնազարգացմանն ու ընդհանրապես՝ գիտակցված հասարակության ձևավորմանը։