Քաղաքականություն

Գյումրիում ընտրություններով պայմանավորված՝ Շիրակի մարզպետը կլինի արձակուրդում

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ընտրություններով պայմանավորված՝ Շիրակի մարզպետը կլինի արձակուրդում

Գյումրիում սպասվող ընտրություններով պայմանավորված՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարտի 10-31-ը կլինի արձակուրդում, մարզպետը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի»-ի իր էջում գրել է Դավիթ Առուշանյանը:

«Սա ոչ միայն քաղաքական պարտականություն է, այլ առաջին հերթին պատասխանատվություն յուրաքանչյուր գյումրեցու առաջ: Նաև ստացվել  է այնպես, որ ես եմ եզրափակում նախընտրական ցուցակը: 

Մեր Սարիկին վստահում ենք ամբողջովին, մեր նախընտրական թիմի յուրաքանչյուր անդամի ունակություններին հավատում ենք լիովին. սա է պատճառը, որ ամբողջ թիմով ներկայացնելու ենք ձեզ մեր նախընտրական ծրագիրը, պատմելու ենք առաջիկա 5 տարիների պլանների, բոլորիս տունը` Գյումրին առավել շքեղ, տնտեսապես ուժեղ, գրավիչ ու մրցունակ քաղաք դարձնելու մասին: 

Մեզնից շատերը, այդ թվում ես, վերջին տարիներին հնարավորություն ունեցել ենք ձեզ ցույց տալ մեր պատկերացումներն ու ձգտումները մեր հարազատ քաղաքի մասին, որոշ դեպքերում հասցրել ենք ինչ-որ բան փոխել, որոշ կարևոր գործեր ընթացքի մեջ են:

Թե փոխքաղաքապետի, թե պատգամավորի, և թե արդեն մարզպետի` իմ գործունեության ընթացքում, կարելի է ասել, կետ առ կետ եմ հասցեագրել, առանձին ուսումնասիրել Գյումրու ամեն մի խնդիր, հետո ժամանակը ցույց տվեց, որ թիմով նույն կերպ ենք պատկերացնում լուծումների ճանապարհային քարտեզը: 

Նորություն չեմ ասի, եթե պնդեմ, որ մեր քաղաքը պետության ուշադրության կենտրոնում է, առաջնահերթությունների մեջ: Հետևաբար, սա է իսկական ժամանակը բարեփոխումներն ամբողջական ու որոշիչ փուլ մտցնելու: 

Մի քանի օր և վերջնական ու կայուն որոշմամբ լավ ժամանակներ ենք բերելու մեր քաղաքին, շարունակելու ենք Գյումրին ավելի ուժեղ դարձնել: Այդ գործում մեծ է յուրաքանչյուրիդ դերը: Ու ինչպես շատ եմ ասել` հավատում եմ, որ գյումրեցին լավ գիտի իր ընտրությունը»,-նշված է մարզպետի հայտարարության մեջ։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում