ՄԱԿ-ի պատվիրակությունը ժամանել է սիրիական Լաթաքիայի և Տարտուսի շրջաններ
2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի պատվիրակությունը ժամանել է Սիրիայի Լաթաքիայի և Տարտուսի շրջաններ, որտեղ զանգվածային բախումներ էին տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
ՄԱԿ-ի պատվիրակությունը շրջել է Լաթաքիայի և Տարտուսի շրջանների գյուղերում՝ հետաքննելու բախումներին հաջորդած իրադարձությունները:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել էր անկախ ազգային կոմիտեի ստեղծման մասին, որը կհետաքննի սիրիական ծովափնյա շրջաններում տեղի ունեցած իրադարձությունները և իր զեկույցը ղեկավարությանը կներկայացնի առավելագույնը 30 օրվա ընթացքում:
Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր տարածած հայտարարության մեջ հաստատել է, որ հաջողվել է «վերացնել նախկին ղեկավարության կենսական նշանակության կենտրոնները»:
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ «նոր ծրագրեր են մշակվել նախկին իշխանությունների դեմ պայքարն ավարտելու և առաջիկայում ցանկացած սպառնալիքից խուսափելու համար»։
Իր հերթին Լիբանանի Աքքարի շրջանի ղեկավարը հայտնել է, որ սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 10 հազարը՝ հավելելով, որ ծովափնյա շրջաններից տեղահանված սիրիացիները բնակություն են հաստատել Աքքարի շրջանի ալավիական գյուղերում։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 անդամ, նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից և 830 խաղաղ բնակիչ։