Մշակույթ

Բացառիկ ցուցադրություն՝ Մատենադարանում. ներկայացվելու է Շուրիշկանի Ավետարանը

2 րոպեի ընթերցում

Բացառիկ ցուցադրություն՝ Մատենադարանում. ներկայացվելու է Շուրիշկանի Ավետարանը

Դարեր շարունակ շատերի համար հույսի, բժշկվելու և իղձերի կատարման յուրօրինակ նմուշ դարձած Շուրիշկանի ավետարանն այսօր  Մաշտոցյան մատենադարանի բացառիկ գանձերից մեկն է:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մատենադարանի Ձեռագրատան ավագ ֆոնդապահ Գայանե Խաչատրյանը նշեց, որ Շուրիշկանի ավետարանը մեծ համբավ է վայելում և հայտնի է որպես խնդրակատար-ախտահալած  ավետարան: 

Շուրիշկանի ձեռագիր Ավետարանը գրվել և նկարազարդվել  է  1498 թվականին Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում. այն գրել և նկարազարդել է Բարսեղ քահանան: Ավետարանը, որը գրվել է ավելի քան  520 տարի առաջ, շուրջ երեքուկես դար պահպանվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում:  

«Ավետարանը բաղկացած է 322 թերթերից, գրված է գեղեցիկ բոլորգրով, այն պատկերազարդ է, պահպանվել են ավետարանիչների երեք մանրանկարները, կիսախորան անվանաթերթերը և զարդագրությունները: 

Մեծ պատմական արժեք է ներկայացնում Ավետարանի  հեղինակի բավականին ընդարձակ հիշատակարանը, որը  տալիս է տեղեկություն ավետարանի ստեղծման բարդ և ծանր ժամանակաշրջանի և միջավայրի մասին»,- ասաց ավագ ֆոնդապահը:

Ըստ դարերից  մեզ հասած պատմությունների՝ ժողովուրդը վստահ է եղել, որ Ավետարանի սուրբ զորությունն է իրենց օգնել դժվարությունները հաղթահարելու հարցում: 

Մասնագետի խոսքով՝ Ավետարանի  համբավը տարածված է եղել  ոչ միայն հայ ազգաբնակչության շրջանում, այլև օտարազգիների: Շատերը զուգահեռներ են տանում հայ ժողովրդի և Ավետարանի ճակատագրերի միջև. այն , գրված լինելով Վասպուրականում, հայտնվել է Պարսկաստանում և ի վերջո վերադարձել Հայաստան:

Գայանե Խաչատրյանն ընդգծեց՝  հաշվի առնելով Ավետարանի պահանջված լինելը, 2002 թվականից մինչ օրս ամեն տարի Շուրիշկանի Ավետարանը մեկ օրով դուրս է բերվել և տարվել Աշտարակի Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցի, բայց այս տարի Մատենադարանի բացառիկ ցուցադրության շնորհիվ  Ավետարանի հանդեպ մեծ հավատ ու սեր ունեցող քաղաքացիները, մարտի 10-ից սկսած, մեկ ամիս հնարավորություն ունեն այցելելու և տեսնելու այն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում