Քաղաքականություն

Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել․ ԱԳ նախարարը պատասխանել է Ադրբեջանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել․ ԱԳ նախարարը պատասխանել է Ադրբեջանին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որում նշվում է, թե, իբր, Հայաստանը չի կատարում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ իր պարտավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին ի պատասխան Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանը հետևողական է իր դիրքորոշումներում և որևէ չկատարած պարտավորություն չունի։

«Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել»,-հայտարարեց ԱԳ նախարարը։

Միրզոյանը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է օր առաջ բացել և նպաստել տարածաշրջանային ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։

«Մենք հանդես ենք եկել խորը և շատ ընդգրկուն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրա տրամաբանության շրջանակում Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկներ ենք արել», – նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ ապաշրջափակման գործընթացը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի հետ բանակցություններով, այլ ներառում է նաև Թուրքիայի հետ երկխոսությունը։

«Հարցը միայն Ադրբեջանի մասին չէ։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, որը ներառում է նաև մեր արևմտյան հարևանին», – ասաց Միրզոյանը՝ անդրադառնալով Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացման հարցին։

ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է տրանսպորտային և լոգիստիկ կապեր հաստատելու նաև Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ՝ օգտագործելով Ադրբեջանի ենթակառուցվածքները։

«Մենք ապաշրջափակման արդյունքում նպատակ ունենք նույն Ադրբեջանի ենթակառուցվածքներով կապ հաստատել Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։ Այդ բոլոր խոսակցությունները մեր գործընկերների հետ շարունակում ենք», – հավելեց Միրզոյանը։

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում