«Իմ Քայլը» հիմնադրամը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը համագործակցության հուշագիր են ստորագրել
1 րոպեի ընթերցում

«Իմ Քայլը» հիմնադրամի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև մարտի 5-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի Հանրապետությունում բնակվող, ինչպես նաև սփյուռքից վերադարձած երիտասարդների մասնագիտական զարգացմանը և ինտեգրմանը։ Հուշագիրը ստորագրել են «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և Սփյուռքի գործերի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Իմ Քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հուշագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ, ծրագրեր, միջոցառումներ՝ միտված երիտասարդների մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, հանրային իրազեկման աշխատանքներ՝ հայրենադարձների համար նոր հնարավորությունների ստեղծման նպատակով։ Կողմերը նաև համատեղ ջանքեր կգործադրեն աջակցելու նախաձեռնություններին՝ միտված երիտասարդների ներառմանը Հայաստանի տնտեսական, կրթական և սոցիալական կյանքում։

Հուշագիրը գործում է անորոշ ժամկետով և ձևավորելու է շարունակական համագործակցության ամուր հիմքեր։
