Մերձավոր Արևելք

Արաբական երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են անում խաղաղապահներ տեղակայել Գազայում

3 րոպեի ընթերցում

Արաբական երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են անում խաղաղապահներ տեղակայել Գազայում

Եգիպտոսում մարտի 4-ին կմեկնարկի պաղեստինյան հիմնախնդրի զարգացումներին նվիրված արաբական արտահերթ գագաթնաժողովը, որի մասնակիցները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ կանեն միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել՝ նպաստելու Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության ապահովմանը Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Qahera News-ը։

Գագաթնաժողովի ընթացքում կընդունվի արաբական միասնական որոշում Գազայի վերաբերյալ՝ ձեռնարկելու անհրաժեշտ իրավական և միջազգային միջոցներ՝ դադարեցնելու պաղեստինցիներին իրենց հողերից վտարելու փորձերը:

Գագաթնաժողովում կքննարկվեն նաև Գազայի հատվածի վերականգնման ծրագիրը՝ առանց պաղեստինցիներին իրենց հողերից տեղահանելու։ Մասնակից երկրները հանդես կգան հրադադարի համաձայնագրի ավարտին հասցնելու աջակցությամբ՝  կանխելով ցանկացած խախտում։ 

Եգիպտոսի կողմից մշակված համապարփակ արաբական ծրագրի հայտարարության նախագծի մեջ նշվել է, որ «Եգիպտոսի ներկայացրած ծրագիրը լիովին համաձայնեցված է Պաղեստինի և արաբական երկրների հետ, և հիմնվելով Գազայի արագ վերականգնման վերաբերյալ Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամի կատարած ուսումնասիրությունների վրա՝ աշխատանք կտարվի՝ ապահովելու բոլոր տեսակի ֆինանսական, նյութական և քաղաքական աջակցությունները ծրագրի իրականացման համար»:

Վերակառուցման ծրագիրը նախատեսում է անկլավում ստեղծել հատուկ հումանիտար գոտիներ, որտեղ պաղեստինցիները կկարողանան բնակություն հաստատել մինչև իսրայելական ռմբակոծությունների հետևանքով ավերված իրենց տների վերակառուցումը։ Ծրագրի արժեքը գնահատվում է 53 մլրդ դոլար։

Բացի միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից, նախագիծը նաև կոչ է անում Իսրայելին դադարեցնել ագրեսիան Արևմտյան ափում, այդ թվում՝ բնակավայրերի, տների ավերումը, հողերի բռնագրավումը, ենթակառուցվածքների ոչնչացումը և ռազմական ներխուժումը պաղեստինյան քաղաքներ:

Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Կահիրե են ժամանել Պաղեստինի, Իրաքի, Բահրեյնի, Մավրիտանիայի, Քուվեյթի առաջնորդները և արաբական այլ երկրների պատվիրակություններ։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցի նաև Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան։

2025 թ․ հունվարի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջ է քաշել պաղեստինցիներին Գազայից հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից, և դրան միացել են արաբական այլ երկրներ, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում