Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհերի հիշատակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցինք 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին։
17 տարի անց մենք շարունակում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու հանուն արդարության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների»,- գրել է Ավինյանը։
Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին: