Տնտեսություն

ՀՀ համայնքներում բավականին սեղմ ժամկետում իրականացվել է էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանը միտված կարևոր ծրագիր

7 րոպեի ընթերցում

ՀՀ համայնքներում բավականին սեղմ ժամկետում իրականացվել է էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանը միտված կարևոր ծրագիր

Երևանում կայացավ «Փոքրածավալ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և տնային տնտեսությունների փորձնական ջերմամեկուսացում» ծրագրի փակման միջոցառումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի նպատակն էր երեք թիրախային մարզերի սահմանամերձ, բարձր լեռնային վայրերում գտնվող, տնտեսական ցածր ցուցանիշներ ունեցող, այդ թվում չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում ցուցադրել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի օգուտները, օգնել համայնքներին կրճատել կոմունալ ծախսերը և խնայել միջոցներ՝ համայնքների կանաչ տնտեսական զարգացման համար։ Կարևոր է նաև Հայաստանում նվազեցնել  էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալը, հանածո վառելիքի օգտագործումը, օգնել նվազեցնել հատկապես վառելափայտի օգտագործումը և նպաստել անտառների պահպանությանը։  

Բնապահպանական և համայնքային կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում Էներգախնայողության աջակցման հիմնադրամը Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի էներգետիկ տեսանկյունից խնդրային համայնքներում՝ համայնքային շենքերում  և հատկապես ցածր եկամուտ ունեցող խոցելի տնային տնտեսություններում իրականացրել է էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի խթանման կարևոր միջոցառումներ, որոնք միտված են համայնքների տնտեսական կայունության ու էներգետիկ ինքնաբավության բարձրացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը:    

Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացվել են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի խթանման միջոցառումներ՝ «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» Հայաստան ծրագրի մաս:  

Վերոհիշյալ մարզերում միջոցառումներն իրականացվել են երեք ուղղությամբ՝ արևային Ֆոտովոլտային կայանների տեղադրում և տանիքների ջերմամեկուսացում, արտաքին դռների ու պատուհանների փոխարինում համայնքային շենքերում,  էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ գյուղական տնային տնտեսություններում, ինչպես նաև իրազեկման արշավներ ու միջոցառումներ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր ելույթում նշեց, որ նշված ծրագրի արդյունքում արձանագրվել են շոշափելի արդյունքներ ՀՀ համայնքներում։ 

«Մոտ 50 համայնքահեն հիմնարկները դարձել են ավելի էներգախնայող, ինչը համայնքային զարգացման ցուցիչներից մեկն է։ Նման ծրագրերն ուղղված են համայնքների բնակիչների բարեկեցությանը, բացի դրանից ծրագրում ներառված բոլոր կեցավայրերում մարդիկ աշխատում և ապրում են ավելի հարմարավետ պայմաններում։ 20 սոցիալապես անապահով տնային տնտեսություններում իրականացվել են   ջերմամեկուսացման միջոցառումներ՝ դուռ-պատուհանների փոխարինում, պատերի և տանիքների ջերմամեկուսացում։ Շատ լավ է, որ մեր համայնքներն արդեն կարող են միջոցներ տնտեսել և դրանք ուղղել էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանը։ Այս միջոցառումները լավ օրինակ են մեր մարզային բնակավայրերում, արևային Հայաստանում նոր տեխնոլոգիաները կիրառելու և արևային կայաններ տեղադրելու համար»,- ասաց Գիլոյանը։ 

Նա տեղեկացրեց, որ ՀՀ բոլոր համայնքների համար ևս չորս ուղղություններով հայտարարվել է դրամաշնորհ, որտեղ առաջին պլանում հենց էներգաարդյունավետության և էներգախնայողության գաղափարախոսությունն է։ Դրամաշնորհները կարող են զուգորդվել սուբվենցիոն ծրագրերի հետ, ինչը կավելացնի աշխատանքային պորտֆելի ծավալը, իսկ ընտրված ռազմավարությունը կլինի ավելի ամբողջական՝ ընդգրկելով զարգացման բազմաթիվ ուղղություններ։ 

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանն իր հերթին նշեց, որ ծրագիրն իրականացվել է առավել խնդրային համայնքներում, որտեղ առաջնահերթություն է տրվել ցածր եկամուտներ ունեցող տնային տնտեսություններին և համայնքային հանրային կառույցներին (մանկապարտեզներ, մշակութային կենտրոններ)։ 

«Արդյունքներն ինքնին խոսուն են։ Ծրագիրն ապահովել է վերականգնվող էներգիայի մեծածավալ լուծումներ և ջերմամեկուսացման միջոցառումներ, ծախսերի նվազեցում 20-30 տոկոսի չափով, համայնքների էներգետիկ անկախություն  տնտեսական կայունություն, անտառների պահպանություն, ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, շրջակա միջավայրի պահպանություն։ Շուրջ 80 հանրային համայնքային կառույցներում իրականացվել է էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումներ։ Այս բաղադրիչի շրջանակում 680 տնտեսություններում խթանվել է էներգաարդյունավետ վառարանների օգտագործումը։ Համայնքային նշանակության 50 շենքերում տեղադրվել են մինչև 10 կՎտ հզորության արևային ֆոտովոլտային կայաններ, 6 շենքերում իրականացվել է տանիքի ջերմամեկուսացում, 5 շենքերում՝  արտաքին դռների և պատուհանների փոխարինում։ Նման միջոցառումները բարելավում են ընտանիքների բարեկեցությունը, կյանքի որակը»,- մանրամասնեց Բերբերյանը։

Էներգախնայողության հիմնադրամի (ESF) տնօրեն Աստղինե Պասոյանն էլ նշեց, որ ծրագրի հաջողության հիմնական գրավականներից մեկը  եղել է համակարգային մոտեցումը՝ գնահատում, ծրագրավորում, կիրառում, ինչը թույլ է տվել նպատակների իրագործմանը հասնել հնարավորինս կարճ ժամկետում։ 

«Թեև դեռ կան կատարվելիք որոշակի աշխատանքներ, սակայն այսօր կարող ենք հպարտությամբ նշել, որ մեր համայնքներում արևային կայանների տեղադրումը կատարվեց թիմային, համատեղ գործունեության շնորհիվ։ Ընթացքում ծրագիրը որոշ չափով փոփոխեցինք՝ հաշվի առնելով մեր յուրահատկությունները, հետևաբար ունեցանք մի ծրագիր, որն իր մեջ ներառեց և՛ քաղհասարակությանը, և՛ հզորությունների ստեղծման ու իրազեկման բաղադրիչը»,- ասաց Պասոյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում