«Հայկական բրենդի» աշխարհագրական նշանի ստեղծումն ու զարգացումը յուրահատուկ ձև է՝ օգնելու հայկական տնտեսության մեջ առկա ունակությունների խթանմանը
7 րոպեի ընթերցում

«Հայկական բրենդի» աշխարհագրական նշանի ստեղծումն ու զարգացումը յուրահատուկ ձև է՝ օգնելու հայկական տնտեսության մեջ առկա ունակությունների խթանմանը, և քանի դեռ Հայաստանը ձգտում է հնարավորինս մոտ լինել Եվրամիությանը, վերջինիս աջակցության շրջանակում վերոհիշյալ ծրագիրը կոչված է ապահովելու հայկական արտադրանքի մրցունակությունը և տնտեսական դիվերսիֆիկացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար» ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Ի սկզբանե մասնակցել եմ այս ծրագրի նախապատրաստական աշխատանքներին և բանակցություններին, որոնք վերաբերել են համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։ Հայաստանի պարագայում մենք կատարել ենք կարևոր ոլորտային բարեփոխումներ, որոնք առնչվում են նաև եվրոպական չափանիշների ընդունմանը։ Համատեղ իրականացված նախաձեռնությունների արդյունքներից բավարարված ենք, որովհետև տեսնում ենք ակնհայտ առաջընթացը։ Հայկական բրենդին շատ յուրահատուկ պրոդուկտ է, որն ունի բարձր որակ՝ շնորհիվ հայկական կապիտալի ու նաև այն ներդրումների, որոնք կատարվել են Եվրամիության կողմից։ Անշուշտ, հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ նույնպես մասնակցել է բրենդիի մշակման աշխատանքներին։ Այսօր ունենք հաջողված պատմություն, որն ավելի մեծ առաջընթաց կարող է գրանցել հաջորդ փուլերում»,- հավաստիացրեց Մարագոսը։
Նա հիշեցրեց, որ ԵՄ-Հայաստան համագործակցության ընդհանուր շրջանակը սահմանվում է CEPA-ի համաձայնագրով, որը կարևոր հանձնառությունների շրջանակում նպաստում է ՀՀ-ում նոր աշխատատեղերի բացմանը, կորպորատիվ կառավարման զարգացմանը ու բիզնեսի բարգավաճմանը։ Վերջին տարիներին իրականացված համատեղ ծրագրերի շրջանակում ԵՄ-ն կենտրոնացել է ՓՄՁ-ների զարգացման վրա, թեև այժմ, Մարագոսի հավաստմամբ, կարող է անել ավելին։ ԵՄ-ն պատրաստ է հետայսու ևս աջակցել Հայաստանի տնտեսությանը, որպեսզի այն դառնա ավելի դիմակայուն։
Սա վերաբերում է ոչ միայն տնտեսության զարգացմանը, այլև ուժեղ հասարակության կառուցմանը, որովհետև այս երկու կարևոր գործոններն են ընդգրկված մեր քաղաքականության հիմքում։ Համագործակցության արդյունքները բավականին խոսուն են, մենք աջակցել ենք ավելի քան վեց հազար ձեռներեցների, ստեղծել ենք 18 հազար աշխատատեղ մեր ֆինանսական աջակցության շրջանակում, միայն վերջին երկու տարիների ընթացքում։ Մեկնարկող նոր ծրագիրը նույնպես մեր նվիրվածության լավագույն օրինակներից է, որովհետև արտադրանքի ետևում կանգնած են փոքր արտադրողները, ովքեր իրենց պրոդուկտն են առաջարկում մեծ ընկերություններին։ Սա ավելին է, քան CEPA-ի սահմանները, քանզի ծրագիրը թույլ է տալիս լիարժեքորեն զարգացնել հատուկ հզորություններն այն արտադրանքի համար, որն ադապտացվելու է միջազգային չափանիշներին»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Մարագոսը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայկական բրենդին բավականին հայտի է, թեև որոշ շուկաներում այն չկա, հետևաբար խիստ կարևոր է համատեղ գործողությունների և հատկապես ՀՀ կառավարության հանձնառությունների շրջանակում ձևավորել կայուն ինստիտուտներ, որպեսզի հնարավոր լինի այս պրոդուկտն իր պրեմիում տեսակով և բարձր որակով ավելի հայտնի դարձնել ամբողջ աշխարհում, ինչը կապահովի նաև իրավական պաշտպանվածություն։
«Ծրագիրը խթանելու է նաև գյուղատնտեսությունը՝ իր մեջ ներառելով բարձրակարգ խաղողի տեսակների արտադրությունը, մասնագիտացված գործարաններին սատարելը, որպեսզի հայկական բրենդիի որակն ու ստանդարտները պահպանվեն։ Սա նաև դիտարկվում է հայկական պատմամշակութային ժառանգության համատեքստում, որը կապված չէ միայն անցյալի հետ, այլ վերաբերում է նաև Հայաստանում բարձրակարգ արտադրանք ստեղծելու ավանդույթներին։ Ծրագիրը միտված է կայուն տնտեսական աճի ապահովմանը, կայուն արտահանումներին, ինչը շատ կարևոր է ներկա պայմաններում»,- եզրափակեց Մարագոսը։
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին նշեց, որ հայկական բրենդին իսկապես աշխարհի քարտեզի վրա էլիտար խմիչքների շարքում ներկայանում է շատ պայծառ նշումով։

«Այս նախաձեռնությունն առաջին հերթին պատշաճ վերաբերմունք է հայկական բրենդիի ավանդույթների և որակի նկատմամբ, ինչպես նաև արտադրողների գիտելիքի, կարողությունների և գերազանց արտադրական ունակությունների նկատմամբ։ Հայաստանը գինի և ալկոհոլային խմիչքներ արտադրում է հազարամյակներ շարունակ։ Մենք սովորելու շատ բան ունենք հայաստանցի մասնագետներից, և նրանց արտադրանքն իսկապես արժանի է աշխարհագրական պաշտպանություն ունեցող անվանը։ Հայաստանը հարուստ է բացառիկ ապրանքներով, որոնք արժանի են ճանաչման։ Այն, ինչ անում ենք միասին հայկական բրենդիի համար, առաջին քայլն է այդ ուղղությամբ»,- նշեց Դըկոտինյին։
Նա հավելեց, որ տվյալ ծրագրով լուծվում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև եղած միակ տարաձայնությունը, երկու երկրները հարյուրամյակներ շարունակ մոտ են իրար, երկու կողմերը լրջորեն են վերաբերվում ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը։
«Այն փաստը, որ գիտելիքը, առանձնահատկությունները, հմտությունները, ինչպես նաև հայկական բրենդի և ֆրանսիական կոնյակ արտադրողների որակները ճանաչված ու հարգված են ամբողջ աշխարհում, այդ ամենի շնորհիվ վերջ է դրվում վերոհիշյալ տարաձայնությանը։ Պետք է նշել, որ արտադրանքի անվան հետ կապված վեճն ավելի շատ վերաբերում էր խորհրդային ժամանակաշրջանին, քանզի ԽՍՀՄ-ը դուրս էր շուկայական տնտեսության ընդունված կենսագործունեության շրջանակից և հաճախ անուններ էր սեփականացնում աշխարհի տարբեր կողմերից։ Հայաստանն այսօր իրավունքի գերիշխանություն է կիրառում, մտավոր սեփականության ոլորտում շարժվում է եվրոպական չափանիշներով և իր դռներն է բացում եվրոպական շուկաների առջև»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։
Եզրափակելով իր խոսքը՝ դիվանագետն ընդգծեց, որ միջոցառումը մշակութային, աշխարհաքաղաքական և առևտրային շատ մեծ նշանակություն ունի։ Նա բարձրացրեց հայկական բրենդիով լի բաժակն ու կենաց առաջարկեց՝ մեծարելով հայ և ֆրանսիացի արտադրողներին, շեշտելով նրանց եռանդուն աշխատանքը։