Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն մտադիր է Մոսկվայի և Կիևի հետ քննարկել պատերազմի դադարեցման համար անհրաժեշտ քայլերը. Ռուբիո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն մտադիր է Մոսկվայի և Կիևի հետ քննարկել պատերազմի դադարեցման համար անհրաժեշտ քայլերը. Ռուբիո

Միացյալ Նահանգները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպմանը մտադիր է քննարկել, թե ինչ է պատրաստ Մոսկվան անել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար: Նույն քննարկումը պետք է անցկացվի Ուկրաինայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Breitbart News-ին տված հարցազրույցում։

Ռուբիոն նշել է, որ Սաուդյան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմը ցանկանում էր պարզել՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրված է պատերազմի դադարեցմամբ։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ռուսական կողմը հայտարարել է, որ շահագրգռված է որոշակի պայմաններով Ուկրաինայում հակամարտության դադարեցմամբ։

«Մենք չենք քննարկել, թե որոնք են այդ պայմանները», - ասել է Ռուբիոն։

Այնուհետև, Ռուբիոյի խոսքով, հարկավոր է պարզել, թե ինչ են պատրաստ անել Մոսկվան և Կիևը պատերազմը դադարեցնելու համար։

«Հաջորդ քայլն է ինչ-որ պահի կրկին հանդիպել նրանց (Ռուսաստանի ներկայացուցիչների) հետ, մարդկանց համապատասխան խմբի հետ և սկսել ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչ է հարկավոր, որ Ռուսաստանը դադարեցնի պատերազմը։ Եվ, ակնհայտորեն, մենք Ուկրաինային պետք է տանք նույն հարցը, որովհետև հնարավոր չէ պատերազմը դադարեցնել, մինչև երկու կողմերն էլ դրան համաձայն չլինեն», - ասել է նա։

Ռուբիոն նշել է., որ անկախ նրանից, թե քանի օր կամ շաբաթ կպահանջվի, Վաշինգտոնը պատրաստվում է սկսել այդ գործընթացը։

«Դա կարող է նաև չաշխատել, բայց ինչո՞ւ պետք է որևէ մեկը քննադատի (ԱՄՆ) նախագահ Թրամփին այն բանի համար, որ նա ցանկանում է վերջ տալ պատերազմին, որն արժեցել է միլիարդավոր դոլարներ, հարյուր հազարավոր կյանքեր և ահռելի ու անվերջանալի մարդկային տառապանքներ», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում