Միացյալ Նահանգներ

Ուկրաինան և ԱՄՆ-ն գտնվում են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի «վերջնական փուլում». Ուկրաինայի փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան և ԱՄՆ-ն գտնվում են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի «վերջնական փուլում». Ուկրաինայի փոխվարչապետ

Ուկրաինան և Միացյալ Նահանգները գտնվում են օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի շուրջ բանակցությունների վերջին փուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլհա Ստեֆանիշինան X-ի իր էջում։  

Նրա խոսքով՝ Կիևը և Վաշինգտոնը երկուսն էլ շահագրգռված են նրանով, որ ԱՄՆ-ին հասանելի դառնան Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղները, սակայն նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ ցանկացած նման գործարք պետք է ներառի անվտանգության կոնկրետ երաշխիքներ:

«Ուկրաինայի և ԱՄՆ-ի թիմերը հանքանյութերի վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունների վերջին փուլում են: Բանակցությունները շատ կառուցողական են եղել և գրեթե բոլոր հիմնական մանրամասները վերջնական տեսքի են բերվել», - գրել է փոխվարչապետը։

Նա հույս է հայտնել, որ և՛ ԱՄՆ-ի, և՛ Ուկրաինայի ղեկավարները կարող են ստորագրել և հաստատել այն Վաշինգտոնում, հնարավորինս սեղմ ժամկետում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ուկրաինան պետք է ԱՄՆ-ին տրամադրի 500 միլիարդ դոլարի կարևոր հումք՝ որպես փոխհատուցում ​​օգնության համար, որը Կիևն արդեն ստացել է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմից:

Զելենսկին իր հերթին նշել էր, որ Վաշինգտոնն իր երկրին մատակարարել է 67 միլիարդ դոլարի զենք և 31,5 միլիարդ դոլար ուղղակի բյուջետային աջակցություն, և որ ինքը Բայդենի կողմից տրամադրված օգնությունը որպես վարկ չի ճանաչի:

Զելենսկին փետրվարի սկզբին հրաժարվել էր ստորագրել համաձայնագրի նախնական նախագիծը, ինչը հիասթափություն էր առաջացրել Սպիտակ տանը: Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները փետրվարի 22-ին հայտարարել են, որ ակնկալում են՝ համաձայնագրի ստորագրումը տեղի ունենա այս շաբաթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում