Հակոբ Արշակյանն անդրադարձել է առաջատար տեխնոլոգիաների ոլորտի օրենսդրական փոփոխությունների շուրջ քննարկումներին
2 րոպեի ընթերցում

Առաջատար տեխնոլոգիաների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները և այդ ուղղությամբ կառավարության հետ համագործակցությունը շարունակվում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
«Ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ միշտ են եղել: Ազգային ժողովի նախաձեռնությամբ եղել են նաև կառավարության հետ համատեղ լսումներ: Բոլոր խնդիրները համապարփակ քննարկվել են ԱԺ-ում, մինչև օրենքի մշակումը և մշակման ընթացքում էլ բավականին սերտ համագործակցություն է եղել:
Հիմա օրենքի կիրառման մեխանիզմների մշակման փուլում ենք: Դա կառավարության տիրույթում է, բայց նաև ուզում եմ ասել, որ ԱԺ-ն և կառավարությունը երկխոսությունը պահպանում են, որովհետև մեծ հաշվով օրենքի արդյունավետ աշխատանքը գիտության և կրթության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և գիտահետազոտության ոլորտներում նոր ներդրումների մեխանիզմեր են ստեղծում: Դրանց աջակցությունը կախված է այս ենթաօրենսդրական ակտերի մշակման և կիրառման որակից: Դրա համար օրենքի ամբողջ աշխատանքը հիմա կախված է նաև այդ ենթաօրենսդրական ակտերի ճշգրիտ և որակյալ մշակումից»,- նշեց Հակոբ Արշակյանը:
ԱՏՁՄ հիմնադրման 25-ամյակին ընդառաջ հրավիրված համաժողովը միավորել է նորարարության ոլորտի շուրջ 300 մասնակցի՝ Հայաստանից և արտերկրից: Համաժողովի շրջանակներում տեղի են ունենալու ԱՏՁՄ խորհրդի և նախագահի ընտրություններ: