Հայաստան

Հակոբ Արշակյանը հանդիպել է բջջային կապի օպերատորների ղեկավարներին

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը հանդիպել է բջջային կապի օպերատորների ղեկավարներին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 17-ին հանդիպել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների ղեկավարների հետ:

ՀՀ ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից «Արմենպրես»-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ Վահե Ղալումյանը և Սիսակ Գաբրիելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ԲՏԱ և Էկոնոմիկայի նախարարների տեղակալները:

Ողջունելով հյուրերին` Հակոբ Արշակյանը կարևորել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների անխափան գործունեությունն ու հանրապետության տարածքում կապի որակը և հասանելիությունը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է վերջիններիս հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել իրականացված աշխատանքների մասին, նախանշել քայլերը, որոնք ուղղված կլինեն մեր երկրում տնտեսության կարիքներին համահունչ կապի ոլորտի զարգացմանը:

Տեղի է ունեցել արդյունավետ քննարկում` կապի ենթակառուցվածքների տեղադրման, բազային կայանների կառուցման թույլտվությունների, ինչպես նաև համայնքային նշանակության ենթակառուցվածքների, մասնավորապես` հենասյուների օգտագործման համար սահմանված վճարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել հսկայածավալ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման եւ տեղափոխման խնդիրներին:

Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին քննարկմանը մասնակցելու և գործադրած ջանքերի համար: Նա կարևորել է օրենսդիր, գործադիր և մասնավոր ոլորտների արդյունավետ համագործակցությունը բարձրաձայնված խնդիրների հասցեագրման նպատակով:

ԱԺ փոխնախագահի խոսքով կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի և տնտեսության զարգացման համար:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում