Տիգրան Ավինյանն առաջարկել է միջոցներ ձեռնարկել հանրային տրանսպորտում չվճարելու խնդիրը լուծելու համար
4 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մարդկանց որոշ խմբերի կողմից հանրային տրանսպորտով ուղևորափոխադրման համար չվճարելու խնդրին՝ առաջարկելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ խնդիրը լուծելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանը թեմային անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Ակնհայտ է, որ քաղաքացիների որոշ մասը շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար։ Իհարկե, այդ թիվը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը։ Իսկ չվճարելու պատճառները տարբեր են. մարդիկ կան, որ իրապես համարում են, որ տրանսպորտի թանկացումն արդարացված չէ, և իրենք իրավունք ունեն բոյկոտելու, մարդիկ կան, որ ուղղակի առիթից օգտվում են, և այդ առիթից օգտվելն էականորեն վնասում է քաղաքային բյուջեին»,- նշել է Ավինյանը։
Նա հավելել է՝ բոլոր այն մարդիկ, որոնք չեն վճարում հանրային տրանսպորտից օգտվելու համար պետք է գիտակցեն, որ հանրապետության 850 հազար բնակչի համար Երևան քաղաքի ավագանին սահմանել է արտոնություններ, և այդ արտոնությունները սահմանվել են ըստ կարիքի, ըստ սոցիալական խնդիրների և տարբեր չափորոշիչների։ «Եվ ամեն անգամ, երբ որևէ մեկը մի փոքր ավել է վճարում, պետք է իմանա, որ վճարում է նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար, պետք է իմանա, որ ավել է վճարում նաև, որպեսզի զոհված զինծառայողների ծնողները, երեխաները, այրին տրանսպորտից օգտվեն անվճար»,- մանրամասնեց Երևանի քաղաքապետարանը։
Նրա խոսքով՝ կարելի է անընդհատ առիթից օգտվել, ընդդիմության ստեղծած նարատիվներով առաջնորդվել, այդ դիրքավորման մեջ մտնել և անտեսել վճարման պահանջը, սակայն պետք է գիտակցել, որ այդ մարդիկ, չվճարելով հանրային տրանսպորտի համար, խնդիրներ են ստեղծում տրանսպորտի ոլորտում եկամուտների հավաքագրման առումով։ «Իմ կարծիքով՝ դա որևէ արդարացում չունի։ Եթե սկզբում մարդիկ չգիտեին, թե ինչ է տեղի ունենում, ինչ բարեփոխումներ են արվում, հիմա հասկանում են, որ 150 դրամ են վճարում, բայց, օրինակ, զոհված զինծառայողների ծնողներն անվճար են երթևեկում, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք անվճար են երթևեկում։ Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև մենք ահռելի քանակի մարդկանց համար այս արտոնությունը սահմանելով՝ շատ քիչ ենք խոսել սրա մասին, և ընդդիմությունը մարդկանց ներկայացրել է այնպես, ինչպես իրենց հարմար է եղել, իսկ մարդիկ որոշ դեպքերում ուղղակի չեն իմացել, թե ինչ է տեղի ունենում»,- նշել է Երևանի քաղաքապետը։
Ավինյանը նշել է, որ Երևանում հանրային տրանսպորտի փոփոխությունները շարունակական են, բայց այդ շարունակականությունը կախված է նաև բոլորի պարտաճանաչությունից։
«Եթե մենք շարունակենք տարբեր պատճառաբանություններով և արդարացումներով չվճարել հանրային տրանսպորտի համար, կդանդաղեն այն ռեֆորմների տեմպերը, որոնք մենք սկսել էինք իրականացնել։ Օրինակ, այս տարի պլանավորում էինք 40 տրոլեյբուս գնել, սա կարող է դանդաղել։ Ես ուզում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք ավտոբուս են մտնում և չեն վճարում, գիտակցեն, որ իրենք աջակցում են այն օրակարգին, որ, օրինակ, Երևանում այս տարի 40 տրոլեյբուս չգնվի։ Այսինքն, նրանք չեն ուզում, որ բարեփոխումները լինեն շարունակական։ Ինչ մնում է մեր հետագա քայլերին, ես կարծում եմ, որ այս արդարացումների ժամանակն էլ անցել է, ես առաջարկում եմ անցնել համապատասխան միջոցների կիրառմանը, որպեսզի այդ արդարացումներով առաջնորդվող մարդիկ էլ այդ արդարացումներով չկարողանան առաջնորդվել»,- եզրափակել է Ավինյանը։