Բարձր տեխնոլոգիաներ

Առցանց անվտանգությունը՝ երեխաների աչքերով. ԲՏԱ նախարարությունում տեղի ունեցած քննարկմանը երեխաները ներկայացրեցին իրենց տեսակետները

4 րոպեի ընթերցում

Առցանց անվտանգությունը՝ երեխաների աչքերով. ԲՏԱ նախարարությունում տեղի ունեցած քննարկմանը երեխաները ներկայացրեցին իրենց տեսակետները

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում  տեղի ունեցավ «Երեխաների առցանց անվտանգությունը երեխաների աչքերով» թեմայով կլոր սեղան-քննարկում, որտեղ մասնակից երեխաները ներկայացրեցին թեմայի շուրջ իրենց տեսակետները, առկա խնդիրներն  ու մտահոգությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկմանը մասնակցում էին 10-16 տարեկան երեխաներ՝ Երևանի և հանրապետության մարզերի տարբեր դպրոցներից։ 

Կլոր սեղան-քննարկումն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի օպերատորների միության կողմից՝ Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցությամբ: 

ՀՀ ԲՏԱ նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը նշեց, որ ամեն տարի նշվում է համացանցում անչափահասների իրավունքների պաշտպանության օրը, և այս միջոցառումը կազմակերպել են հատուկ անչափահասների հետ երկխոսություն սկսելու նպատակով:

«Կարծում ենք, որ երեխաները շատ լավ են պատկերացնում իրենց խնդիրները, նաև լավ գիտեն լուծման եղանակները և հաճախ կարող են հենց իրենք առաջարկել տարբերակներ, թե ինչպես պաշտպանենք իրենց: Խոսակցությունը լինելու է հավասարը հավասարի մակարդակում: Երեխաները իրենք իրենց աչքերով կտեսնեն, թե ինչ խնդիրներ կան,  որոնք միասին կքննարկեն: Հույս ունենք, որ սա կդառնա  լավ հնարավորություն մեր երիտասարդներին և երեխաներին ապահով համացանց տրամադրելու և նրանց խորհուրդների հիման վրա որոշակի ծրագրեր իրականացնելու համար»,- նշեց Արշակ Քերոբյանը:

Ըստ նրա՝  երեխաների առցանց անվտանգության առումով հիմնախնդիրները բազմաթիվ ու բազմաշերտ են, որոնց շուրջ այժմ գնում են խորքային ուսումնասիրություններ: Քերոբյանի խոսքով՝ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ  աշխարհում է նոր տեխնոլոգիաների զարգացումը իր հետ բերել նոր ռիսկեր, որոնք պետք է մշտապես պահել վերահսկողության տակ:

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը նշեց՝ անչափ կարևորում են երեխաների առցանց անվտանգությունը, քանի որ այս պահին առցանց ոլորտը չափազանց արագ  զարգանում է, որի հետ մեկտեղ ավելանում են վտանգները:

Նա ընդգծեց՝ շատ կարևոր է ձևավորել վարքագիծ թե՛ երեխաների, թե՛ ծնողների  և թե՛ ուսուցիչների շրջանում: Նրա խոսքով՝  վերջերս Հայաստանի տարբեր դպրոցների 10-14 տարեկան 7800 երեխաների շրջանում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ երեխաների մեծամասնությունը օրական 1-5 ժամ անցկացնում է համացանցում: 

«Եթե ուզում ենք ապահովել երեխաների անվտանգությունը, ապա այստեղ պետք է լինի բազմակողմանի մոտեցում՝ պետություն, ծնող, ուսուցիչներ և, իհարկե, երեխաներ: Հենց այդ պատճառով այսօր ներգրավեցինք երեխաներին, որպեսզի լսենք նաև նրանց խոսքը: Երեխաները շատ հաճախ ավելի շատ բան են նկատում, քան մեծերը և կարող են հետաքրքիր խորհուրդներ տալ: Կարծում եմ, որ  երեխաների առցանց անվտանգությունն ապահովելու  համար յուրաքանչյուր երկիր պետք է ունենա որոշակի ռազմավարություն և օրենսդրական մեխանիզմներ, որպեսզի կարողանա արագ արձագանքել այդ վտանգներին»,- ասաց Գյոնջյանը:

Քննարկման մասնակից երեխաներից էլ նշեցին, որ հասկանում ու գիտակցում են համացանցում երկար անցկացնելու հետևանքները և փորձում են այն  օգտագործել կրթվելու,  ինֆորմացիա ստանալու և գրքեր կարդալու նպատակով: 

Երեխաներն առաջարկեցին ստեղծել գործիքներ, որոնք թույլ կտան ծնողներին վերահսկել երեխաների անցկացրած ժամանակը ինտերնետում, և որ այդ վերահսկողությունը բոլոր ծնողների համար դառնա պարտադիր: 

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ կառավարությանն ուղղված խորհրդանշական մանիֆեստի կազմման արարողություն, որը ստորագրվեց քննարկմանը մասնակից երեխաների կողմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում