Քաղաքականություն

Հայաստանը չի տրվելու սադրանքների և շարունակելու է կառուցողական տրամադրվածությամբ բանակցել Ադրբեջանի հետ. ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանը չի տրվելու սադրանքների և շարունակելու է կառուցողական տրամադրվածությամբ բանակցել Ադրբեջանի հետ. ԱԳ փոխնախարար

Հայաստանը նախկինի պես շարունակում է կառուցողականորեն տրամադրված լինել Ադրբեջանի հետ բանակցություններում և հուսով է, որ Բաքուն կարճ ժամանակահատվածում կպատասխանի խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Երևանի առաջարկներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

Փոխնախարարը համաձայն չէ դիտարկումների հետ, թե հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում են հայտնվել։ 

«Ամեն դեպքում սահմանազատման հանձնաժողովների նիստ տեղի ունեցավ, պայմանավորվածություն կա, որ մոտ շրջանում նոր նիստ պետք է տեղի ունենա»,- հայտարարեց նա։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի շուրջ բուն բանակցությունների մասին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրեց, որ Երևանն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ առաջարկներ է ներկայացրել և սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին։ 

«Ինչ վերաբերում է այդ առաջարկներին, հույս ունենք, որ դրանց պատասխանները կարճ ժամանակում կստանանք, որպեսզի գործընթացը հնարավոր լինի շարունակել։ Հայաստանն ինչպես և նախկինում, շարունակում է կառուցողականորեն ներգրավված լինել բանակցություններում»,-նշեց Կոստանյանը։ 

Անդրադառնալով Ադրբեջանից Հայաստանի հասցեին պարբերաբար հնչող սպառնալիքներին և ռազմատենչ հռետորաբանությանը՝ Վահան Կոստանյանը նշել է, որ նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը։ «Հայաստանը չի տրվելու նման սադրանքների և շարունակելու է կառուցողական տրամադրվածություն ցուցաբերել բանակցություններում»,-շեշտեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում