Իրավունք

Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 136 հայցադիմում է ներկայացրել՝ 600 մլրդ դրամի պահանջով

2 րոպեի ընթերցում

Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 136 հայցադիմում է ներկայացրել՝ 600 մլրդ դրամի պահանջով

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 136 հայցադիմում, որոնցով պահանջվում է բռնագանձել 1381 անշարժ գույք, 270 շարժական գույք, 359 իրավաբանական անձանցում ունեցած մասնակցություն, 527 մլրդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 մլրդ դրամ, և այդ թիվը դեռ աճում է, քանի որ բոլոր գույքերի շուկայական արժեքները դեռևս հաշվարկված չեն։

«Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի 1922-Ն որոշմամբ ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ: Գործարկման օրվանից մինչ օրս Վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է շուրջ 10 միլիարդ 283 միլիոն դրամ»,- նշեց Վարդապետյանը՝ հավելելով, որ Կառավարության նույն որոշման հավելվածով՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը նախաքննական մարմինները Գլխավոր դատախազություն են փոխանցում տեղեկատվություն՝ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ նշված տեղեկատվությունը գտնվում է ամփոփման փուլում և 2025 թվականի հուլիսի 30-ին, ինչպես սահմանվել է Կառավարության որոշմամբ, գլխավոր դատախազությունը կհրապարակի նաև տեղեկատվություն քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ։

Անդրադառնալով համայնքներին վերադարձված գույքերին ու դրամական միջոցներին՝ դատախազը նշեց, որ, օրինակ՝ Արարատի մարզում 2024 թվականի ընթացքում դատախազական գործունեության արդյունքում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 900 հազար ԱՄՆ դոլարի գույքային վնաս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում