Գյումրիում ընտրություններին ընդառաջ մասնակիցների անուններն օրեցօր ավելանում են
3 րոպեի ընթերցում

Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ մասնակիցների անուններն օրեցօր ավելանում են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններն, ըստ ԿԸՀ-ի սահմանված ժամկետների, կանցկացվեն մարտի 30-ին: Ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով՝ քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից:
Տեղական արտահերթ ընտրություններին իրենց մասնակցությունը հաստատել են խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությամբ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորում է Գյումրիի ավագանու նախկին ԲՀԿ-ական, հետո անկուսակցական դարձած Արտյոմ Ղարաղազարյանը: «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորում է «Մենք» ՀԿ-ի ղեկավար Կարեն Սիմոնյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Միասյանը: Ընտրապայքարին «Կոմկուս»-ի ցուցակով կմասնակցի նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Մասնակցության ցանկության մասին հայտնել են «Ապրելու երկիր», «Հանուն Հանրապետության», «ՀՅԴ», ԴՕԿ կուսակցությունները:
Ի դեպ, թեև ԿԸՀ կողմից դեռ պաշտոնապես չի հայտարարվել քարոզարշավի մեկնարկի մասին, շատերն արդեն ակտիվ քարոզարշավային հանդիպումներ են անցկացնում, քաղաքի տարբեր հատվածներում էլ տեղադրված են պաստառներ:
Կառավարությունը 2024 թ. դեկտեմբերի 12-ին ընդունեց որոշում, ըստ որի՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Նոր ընտրություններ նշանակելու որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի փետրվարի 20-ին:
Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներ հոկտեմբերին վայր էին դրել իրենց մանդատները: Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը: Դրանից հետո ինքնաբացարկ էին տվել նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները: Գյումրիի ավագանին չէր կարողանում նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով:
Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի ունեցան Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն՝ նախնական ընտրությունների արդյունքներով Գյումրիում առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է։