ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շրջանակում Հայաստան է ժամանել փորձագիտական առաջին առաքելությունը
2 րոպեի ընթերցում
![ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շրջանակում Հայաստան է ժամանել փորձագիտական առաջին առաքելությունը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/aTZyfzavl2g9q2UdZbckuG007PwM1KyAYh7HLFpB.webp)
Եվրոպական Միություն մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը։
Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխնախարարն անդրադարձել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ մի շարք թեմաների, մասնավորապես՝ միգրացիոն ներկայիս իրավիճակին, նոր նմուշի կենսաչափական փաստաթղթերի ներդրմանը, քաղաքացիության հարցերին, միգրացիայի և ապաստանի կառավարմանը, թվայնացման գործընթացներին և այլն։
Խոսելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների մասին՝ Արմեն Ղազարյանը վստահեցրել է, որ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում ՆԳՆ մանդատի ներքո գտնվող մի շարք ուղղություններով էական առաջընթաց է գրանցվել: Նա այդ համատեքստում մասնավորապես անդրադարձել է միգրացիայի և քաղաքացիության և ոստիկանության ոլորտներին։
ԵՄ առաքելության փորձագետները փետրվարի 10-14-ը Հայաստանում իրականացնելու են առկա իրավիճակի և խնդիրների վերլուծություն՝ նպաստելով համապատասխան հենանիշների ցանկի սահմանմանը, ինչն անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։