Եվրոպա

Տեխնոլոգիական հսկաները և բարձրաստիճան պաշտոնյաները Փարիզում մասնակցում են արհեստական բանականության թեմայով գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

Տեխնոլոգիական հսկաները և բարձրաստիճան պաշտոնյաները Փարիզում մասնակցում են արհեստական բանականության թեմայով գագաթնաժողովին

Տեխնոլոգիական ոլորտի խոշոր ընկերությունները և բարձրաստիճան պաշտոնյաները Փարիզի Մեծ պալատում փետրվարի 10-ին մասնակցում են արհեստական բանականությանը (ԱԲ) նվիրված գագաթնաժողովին, որը համանախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Ըստ հրապարակման՝ երկօրյա միջոցառման նպատակները ներառում են ԱԲ-ի  կառավարման «քարտեզագրում» ամբողջ աշխարհում՝ խթանելով ավելի էթիկական, հասանելի և խնայող ԱԲ-ի գաղափարը և առաջ մղելով եվրոպական ինքնիշխանությունը տվյալ տեխնոլոգիայի նկատմամբ։

Միջոցառմանը ներկա կգտնվի շուրջ 1500 հյուր, կլինեն դասախոսություններ և պանելային քննարկումներ ԱԲ-ի կողմից տրվող հեռանկարների և դրա ներկայացրած սպառնալիքների թեմայով։

Գագաթնաժողովին ներկա կգտնվեն, այդ թվում, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինը, OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը, Google-ի ղեկավար Սունդար Փիչայը։ 

Գագաթնաժողովին մասնակցելու համար աշխատանքային այցով Փարիզում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Փետրվարի 9-ին Էմանուել Մակրոնն ազդարարել է ԱԲ-ի ոլորտում Ֆրանսիայի ջանքերի մասին՝ նշելով, որ առաջիկա տարիներին երկրում տվյալ ոլորտում կներդրվի 109 միլիարդ եվրո։ Նրա խոսքով՝ այդ գումարը կտրամադրեն Արաբական Միացյալ Էմիրությունները, խոշոր ամերիկյան և կանադական ներդրումային հիմնադրամները և ֆրանսիական ընկերությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում