Տնտեսություն

ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարի նվազել է 4,6 տոկոսով

3 րոպեի ընթերցում

ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարի նվազել է 4,6 տոկոսով

Հայաստանի Հանրապետություն 2024 թվականի ընթացքում այցելել է 2 208 179 զբոսաշրջիկ, որը 4,6 տոկոսով նվազել է 2023 թվականի համեմատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն` ամփոփելով պաշտոնավարման 100 օրը։

«2024 թվականի ընթացքում ՀՀ է այցելել 2 208 179 զբոսաշրջիկ, որը 2023 թվականի համեմատ նվազել է 4,6 տոկոսով,  2023 թվականի ընթացքում Հայաստան  է այցելել  2 316 000 մարդ։ Եթե համեմատենք տնտեսապես ամենաակտիվ և ամենահաջողված 2019 թվականի հետ, ապա պետք է նշեմ, որ այդ տարի ունեցել ենք ընդամենը 1,8 մլն զբոսաշրջիկ: Կարող ենք նշել, որ  վերջին 5 տարում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 16 տոկոս աճ»,-նշեց Գևորգյանը։

Կոմիտեի նախագահի խոսքով` սա շատ կարևոր ցուցանիշ է, որը կոմիտեն պարտավորվել է  բարելավել և առաջիկա 5 տարվա ընթացքում  ռազմավարության մեջ նախատեսում են հասնել նրան, որ Հայաստան տարեկան այցելի առնվազն 3 մլն զբոսաշրջիկ։

Լուսինե Գևորգյանը, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, նշեց, որ չնայած նրան, որ Ռուսատանից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը նվազել է, այնուամենայնիվ, 2024 թվականին առավել շատ զբոսաշրջիկներ եկել են Ռուսաստանից:

«Ռուսաստանից Հայաստան է եկել 937 823 զբոսաշրջիկ, որն ընդհանուր թվի մեջ կազմում է 43 տոկոս։ Հաջորդը Վրաստանն է, որտեղից Հայաստան է այցելել 279 368 զբոսաշրջիկ, որն  ընդհանուր թվի մեջ կազմում է 13 տոկոս, Իրանից Հայաստան է այցելել 178 785-ը, որն ընդհանուր թվի մեջ կազմում է 8,4 տոկոս։ Ունենք աճ   Չինաստանից եկած զբոսաշրջիկների պարագայում: Նշեմ, որ այժմ ունենք ուղիղ չվերթ դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք, նախատեսում ենք առաջիկայում ևս մեկ ուղղություն դեպի Պեկին»,-նշեց Գևորգյանը։

Այն հարցին, թե Հայաստանում զբոսաշրջիկը միջինում որքան գումար է ծախսում, Լուսինե Գևորգյանը նշեց, որ այս պահին աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ: 2025 թվականին կոմիտեն արդեն կունենա տվյալներ, թե մեկ օր և ավելի Հայաստանում ապրած զբոսաշրջիկը միջինում ինչքան գումար է ծախսել:

«Այժմ համագործակցում ենք միջազգային վճարային քարտերից մեկի հետ, որը կկարողանա մեզ տրամադրել այս մասով վիճակագրություն՝ առանց խախտելու անձի տվյալների գաղտնիությունը»,-նշեց կոմիտեի նախագահը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում