Միացյալ Նահանգներ

POLITICO թերթի ղեկավարությունը կեղծ է որակել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվելու մասին պնդումները

3 րոպեի ընթերցում

POLITICO թերթի ղեկավարությունը կեղծ է որակել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվելու մասին պնդումները

Ամերիկյան POLITICO թերթը հերքել է ԱՄՆ գերատեսչությունների, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի այն մեղադրանքները, թե իբր լրատվամիջոցը ֆինանսավորվել է ամերիկյան իշխանությունների կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թերթի կայքում ընթերցողների համար պարզաբանում են հրապարակել գործադիր տնօրեն Գոլի Շեյխոլեսլամին և գլխավոր խմբագիր Ջոն Հարիսը։ 

«Կառավարական գործակալությունները, որոնք բաժանորդագրվում են մեզ, դա անում են պետական ​​գնումների ստանդարտ գործընթացի միջոցով, ինչպես ցանկացած այլ գործիք, որ նրանք գնում են, որպեսզի աշխատեն ավելի լավ և լինեն ավելի արդյունավետ: Սա ֆինանսավորում չէ: Սա նույնպիսի գործարք է, ինչպիսին այն դեպքում, երբ կառավարությունը պատվիրում է հետազոտություններ, սարքավորումներ, ծրագրային ապահովում և ոլորտի հաշվետվություններ: Որոշ մարդիկ միտումնավոր կեղծիք են տարածում առցանց հարթակներում։ Եկեք հստակեցնենք՝ POLITICO-ն ոչ մի ֆինանսական կախվածություն չունի կառավարությունից և չունի թաքնված օրակարգ», - նշվում է համատեղ հայտարարության մեջ:

Թերթի ղեկավարությունը նաև պարզաբանել է, որ պետական ​​կառույցները գնում են ոչ թե թերթի սովորական, այլ նրա POLITICO Pro ծառայության բաժանորդագրությունը: 

«Դա պրոֆիլային բաժանորդագրություն է, որից օգտվում են ընկերությունները, կազմակերպությունները և, այո, որոշ պետական ​​գործակալություններ: Նրանք բաժանորդագրվում են, քանի որ դա օգնում է նրանց ավելի լավ կատարել իրենց աշխատանքը՝ հետևել քաղաքականության, օրենսդրության, կանոնակարգի փոփոխություններին իրական ժամանակում՝ ստանալով նորություններ, վերլուծություններ և տվյալներ», - նշել են հրատարակության ղեկավարները:

Նրանք նաև հավելել են, որ խմբագրությունը հավատարիմ է մնում իր սկզբունքներին ու արժեքներին և մտադիր է շարունակել աշխատանքը։

Ավելի վաղ միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), հայտնել էր, որ գործադիր իշխանությունները դադարեցնում են բաժանորդագրությունները ամերիկյան POLITICO, The New York Times թերթերին և The Associated Press գործակալությանը: 

Իր հերթին Թրամփն իր Truth Social հարթակում գրել էր, թե POLITICO-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) ստացել է 8 միլիոն դոլար, որպեսզի դրական հոդվածներ հրապարակի դեմոկրատների մասին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում