«Բարի օր 2» կատակերգական կինոնկարի հերոսներին՝ Հենդրիկին և նրա ընտանիքի անդամներին, շատերը կհիշեն «Բարի օր» ֆիլմից, որը հանրության դատին ներկայացվեց 2024 թվականին։ Կերպարներն այնքան սիրվեցին, հետաքրքրություն առաջացրին, որ ֆիլմի ռեժիսորներ Գրիգոր Գասպարյանն ու Արման Սարգսյանը որոշեցին նկարահանել նաև երկրորդ մասը, որը նոր փորձությունների է ենթարկում գլխավոր հերոսներին և հնարավորություն տալիս հաղթահարել դրանք՝ պահպանելով սիրո, ընտանիքի, նվիրվածության գաղափարները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի պրեմիերային, որը տեղի ունեցավ փետրվարի 6-ին «Կինոմոսկվա»-ում, Գրիգոր Գասպարյանն ասաց՝ առաջին կինոնկարը՝ «Բարի օր»-ը, Երևանի կինոթատրոններում 160 հազարից ավելի հանդիսատես է դիտել, լավ արձագանքներ է ստացել տարբեր սոցիալական հարթակներում։
«Ակնհայտ էր, որ մարդիկ ցանկանում էին ֆիլմի շարունակությունը տեսնել, և մենք շտապեցինք շատ արագ նկարահանել երկրորդ մասը։ Երկար մտորեցինք, որովհետև երկրորդ մաս նկարելը միշտ չէ, որ լավ է ստացվում և ռիսկային է, ուստի շատ մտածեցինք, թե ինչի մասին է այն լինելու, եկանք այն եզրակացության, որ պետք է կրկին հրաշք տեղի ունենա։ Եթե նախորդ ֆիլմի հրաշքը վերցված էր ամերիկյան «Արջամկան օրը» կինոնկարից, ապա այս անգամ փորձել ենք ինքներս հրաշք ստեղծել։ Նախորդ ֆիլմը սիրվել էր ոչ միայն այն բանի շնորհիվ, որ կատակերգություն է, այլև սոցիալական խնդիրներ բարձրացնելու, կյանքից դրվագներ կային, որոնք հուզում էին, այս անգամ ևս ներկայացնում ենք մեր հանրության հայելին։ Ինքներս ենք այստեղ մեզ տեսնում, մեր կողքիններին, միշտ չէ, որ հայելին գեղեցիկ է ցույց տալիս, բայց շատ անկեղծ ու պարզ արտահայտում է մեր կյանքը»,-պատմեց նա։
Ֆիլմում Հենդրիկը, որն իրեն հաճախ խաբված է զգում, իր ծննդյան օրը երազանք է պահում՝ խնդրելով, որ այլևս ոչ ոք չկարողանա իրեն ստել։ Հրաշքը կատարվում է, և նա ստիպված է լինում հաճախ լսել տհաճ ճշմարտություններ։ Հենդրիկի կերպարը բացահայտում է երկրում տարածված կոռուպցիան, կեղծիքը, շինծու բարքերը և արժանանում հասարակության հարգանքին, սակայն շատ շուտ կորցնում է հեղինակությունը, երբ նրա կյանքի մութ էջերն են ի հայտ գալիս։
Հենդրիկի դերակատար Մհեր Մխիթարյանը խոստովանեց՝ իրականում չէր ցանկանա, որ բոլորն իրեն ճշմարտությունն ասեին, քանի որ այդ ճշմարտությունը կարող է տխրեցնել։ Ինքը նախընտրում է գեղեցիկ սուտը։
Հենդրիկի տիկնոջ՝ Տաթևի դերը կերտել է Ռոզի Ավետիսովան։ Նրա խոսքով՝ առաջին ֆիլմում Տաթևն իր ամուսնուն լսող և դժբախտ կին է, իսկ երկրորդ ֆիլմում կայացած կին է, իր կարծիքն ունի, որն արտահայտում է առանց կաշկանդվելու։ «Ինձ համար երկու Տաթևներ են ու շատ տարբեր, քանի որ իրավիճակները փոխվում են, սակայն երկուսն էլ սիրում են Հենդոյին։ Երկու ֆիլմում էլ պահվում է ընտանիքի կարևորության գիծը, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Մեր կյանքում ընտանիքն ամենակարևոր ինստիտուտն է, և այդ քարոզը պետք է լինի»,-շեշտեց դերասանուհին։
«Բարի օր 2» կինոնկարում նկարահանվել են նաև Իվետա Մուկուչյանը, Մկրտիչ Արզումանյանը, Էվա Խաչատրյանը, Նանուլը, Արև Սանթրոսյանը Վարդան Քոչարյանը և այլք:
Ֆիլմի ստեղծագործական կազմը չի բացառում՝ հնարավոր է Հենդրիկի և նրա ընտանիքի արկածները շարունակություն գտնեն երրորդ ֆիլմում։