Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ երկրներում միգրացիոն պայմաններում աշխատող ռուսական և բելառուսական անկախ լրատվամիջոցներին 3 մլն եվրո հատկացնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Եվրահանձնաժողովը կոչ է անում ֆինանսավորման համար դիմումները ներկայացնել մինչև մարտի 14-ը:
«Այս նոր աջակցության շնորհիվ հանձնաժողովը շարունակում է ջանքերը՝ ԵՄ-ն խոշոր կենտրոն դարձնելու նրանց համար, ովքեր ձգտում են կարծիքներ հայտնելու ազատության և ժողովրդավարության», - ասվում է մամուլի տեղեկագրում։
Բրյուսելի գնահատմամբ, միայն 2024 թ. շուրջ 1500 անկախ լրագրողներ և լրատվական խմբագրություններ են Ռուսաստանից և Բելառուսից տեղափոխվել ԵՄ երկրներ։
Ինչպես հայտնել են Եվրահանձնաժողովում, սա երկրորդ դեպքն է, երբ եվրոպական միջոցներ են հատկացվում արտասահմանում ռուսական և բելառուսական ԶԼՄ-ներին օգնելու համար: Առաջին անգամ նման բան տեղի է ունեցել 2023 թ. հուլիսին. այդ ժամանակ նրանց դրամաշնորհի տեսքով 2,2 միլիոն եվրո էր հատկացրել Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը։ Այն ֆինանսավորում են Եվրահանձնաժողովը, Շվեդիայի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի կառավարությունները, ինչպես նաև հիմնադրամներ Բելգիայից և Շվեյցարիայից: