Ադրբեջան

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան էներգետիկ ընկերություն են հիմնել

2 րոպեի ընթերցում

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան էներգետիկ ընկերություն են հիմնել

Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի էներգետիկ համակարգի օպերատորները համատեղ ձեռնարկություն են ստեղծել Ադրբեջանից Վրաստանով և Սև ծովով դեպի Ռումինիա բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագծի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Georgia լրատվական գործակալությունը։

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հաջողությամբ ավարտվել է Green Energy Corridor Power Company - GECO POWER COMPANY համատեղ ձեռնարկության գրանցման գործընթացը: Հիմնադիր ընկերություններն են՝ «Ազերէներջի» բաժնետիրական ընկերությունը, «Վրացական պետական էլեկտրահամակարգ» բաժնետիրական ընկերությունը, հունգարական MVM սահմանափակ պատասխանատվությամբ էներգետիկ մասնավոր ընկերությունը և ռումինական Transelectrica ազգային էլեկտրացանցային ընկերությունը։ Համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է հավասար բաժնետոմսերով, ուստի բոլոր շահագրգիռ կողմերը հավասարապես մասնակցելու են ընկերության կառավարմանը։

Այս փուլում համատեղ ձեռնարկությունը «Կանաչ էներգետիկ միջանցքի» շրջանակներում կզբաղվի գիտահետազոտական ​​և մշակման ու նախագծման աշխատանքներով։

Ռազմավարական գործընկերության համաձայնագրով և Կանաչ էներգիայի ոլորտում համագործակցության հուշագրով սահմանված նպատակների իրականացման համար 2023 թվականի հուլիսի 25-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև ստորագրվել է համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր, որը սահմանում է համատեղ ձեռնարկության ստեղծման ընդհանուր սկզբունքները։ 

Ըստ գործակալության՝ ստորջրյա մալուխի նախագիծը նպաստում է ազգային և տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, Սև ծովի հաղորդակցային հնարավորությունների ավելացմանը, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը, վերականգնվող էներգիայի արտադրության ներուժի օգտագործմանը և էներգիայի հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում