ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակիչ, ուժային եռամարտիկ, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը հերթական երկու ռեկորդներն է սահմանել։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «ՀՀ Դյուցազնագրքի» հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանից, օրերս Վարազդատ Հակոբյանը երեք հատ թենիսի գնդակը ձեռքերի վրա պտտել և 5 անգամ միաժամանակ կքանստել է աջ ոտքով՝ ձախ ոտքը վերև պարզած և գնդակներից մեկը, առանց բասկետբոլի զամբյուղին նայելու, գցել զամբյուղը։ Իսկ երկրորդ ռեկորդը սահմանել է հետևյալ կերպ․ 4 հատ բասկետբոլի գնդակները շրջված վիճակում, մի քանի մետր հեռվից նետել է դեպի զամբյուղը, որոնցից 3-ը հայտնվել են զամբյուղի մեջ։ Ռեկորդները գրանցվել են Սևան համայնքում։