2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունները գրանցել են շոշափելի առաջընթաց. Արարատ Միրզոյան
2 րոպեի ընթերցում
Հայաստան-Վրաստան հարաբերությունները 2024 թվականին գրանցել են շոշափելի առաջընթաց։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում ընթացող ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել, մենք 2024 թվականին պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ։ Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները և՛ երկու երկրների միջև, և՛ երկու ժողովուրդների միջև դարեր ի վեր ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը նոր հնարավորություններ է ստեղծում երկու երկրների համար՝ քաղաքական, տնտեսական, կրթական, գիտական և հումանիտար ոլորտներում»,-ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ հանդիպմանը ամփոփել են անցած տարվա ձեռքբերումները և նախանշել առաջիկա անելիքները։
Միրզոյանը նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև կա արդյունավետ քաղաքական երկխոսություն՝ տարբեր մակարդակներում, ինչպես նաև կայուն և արդյունավետ համագործակցություն երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև։
Միրզոյանը նաև հայտնեց, որ քննարկել են տարածաշրջանային համագործակցության և տարանցիկ փոխադրումների հարցերը։
«Չենք կարող չնշել այն հսկայական ներուժը, որը ունի Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը և Վրաստանը։ Իհարկե, երբ խոսում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, պետք է նշենք նաև Ադրբեջանի մասին»,- եզրափակեց Միրզոյանը։