Աշխարհ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Գոմա քաղաքում բախումների զոհերի թիվը գերազանցել է 100-ը

2 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Գոմա քաղաքում բախումների զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում գտնվող Գոմա քաղաքում, որտեղ բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի և ապստամբների միջև, զոհերի թիվը գերազանցել է 100-ը, շուրջ 1000 մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Agence France Presse-ը՝ վկայակոչելով տեղական հիվանդանոցներից ստացված տվյալները։ 

Ապստամբական «Կոնգո գետի դաշինքը» (ԿԳԴ), որի մեջ մտնում է Ռուանդայի զորքերի կողմից աջակցվող M23 խմբավորումը, ավելի վաղ հայտարարել էր Հյուսիսային Կիվու նահանգի մայրաքաղաք Գոման գրավելու մասին։ Այդուհանդերձ, այս հայտարարությունից հետո քաղաքում ինտենսիվ մարտերը շարունակվել են: Հունվարի 28-ին հաղորդվել էր 20 զոհի և ավելի քան 400 վիրավորի մասին։

Առայժմ պարզ չէ, թե Գոմայի որ հատվածն է գտնվում Կոնգոյի ուժերի վերահսկողության տակ, սակայն AFP-ի թղթակիցները հայտնել են, որ գիշերը Գոմայի փողոցներում երևացել են միայն M23-ի մարտիկները և ռուանդական ուժերը։ 

Անգոլայի հովանու ներքո միջնորդական ջանքերի ձախողումից հետո M23 ապստամբական շարժումը վերջին շաբաթներին վերսկսել է հարձակումը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում: Հանրապետության իշխանությունները հարևան Ռուանդային մեղադրում են ապստամբներին աջակցելու մեջ և կոչ են անում դուրս բերել զորքերը ԿԴՀ-ից։ Ռուանդան հերքում է բոլոր մեղադրանքները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին Ռուանդային կոչ է արել դադարեցնել M23-ին աջակցությունը և հանել իր զորքերը հարևան երկրի տարածքից։ 

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Չիսեկեդին հունվարի 29-ին հանդիպելու է Ռուանդայի ղեկավար Փոլ Կագամեի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում