Միացյալ Նահանգներ

Մասկի գլխավորած կառույցը հայտարարել է ԱՄՆ դաշնային կառավարության համար օրական 1 միլիարդ դոլար խնայելու մասին

2 րոպեի ընթերցում

Մասկի գլխավորած կառույցը հայտարարել է ԱՄՆ դաշնային կառավարության համար օրական 1 միլիարդ դոլար խնայելու մասին

ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը գլխավորում է միլիարդատեր Իլոն Մասկը, օրական գրեթե 1 միլիարդ դոլար է խնայում դաշնային կառավարության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչությունը հայտնել է Մասկին պատկանող X սոցիալական հարթակում։

«DOGE-ն դաշնային կառավարության համար խնայում է օրական մոտավորապես 1 միլիարդ դոլար՝ հիմնականում ոչ անհրաժեշտ պաշտոններին մարդկանց աշխատանքի վերցնելը դադարեցնելու, DEI-ն (խմբ.` բազմազանության, հավասարության և ներառականության ծրագրերը) ջնջելու և օտարերկրյա կազմակերպություններին ոչ տեղին վճարումները դադարեցնելու շնորհիվ՝ բոլորը համաձայն նախագահի կատարողական հրամանների», - նշված է հայտարարության մեջ։

Վարչությունը հավելում է, որ սա լավ սկիզբ է՝ «չնայած այս թիվը պետք է հասնի օրական 3 միլիարդ դոլարի»։

Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր դադարեցնել անչափահասների շրջանում սեռափոխություն իրականացնելու համար դաշնային ֆինանսավորումը և առողջապահական ծախսերին աջակցությունը։ 

Բացի այդ, Reuters-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տունը լրիվ դրույքով աշխատող շուրջ 2 միլիոն դաշնային աշխատողների ֆինանսական արտոնություններ է առաջարկել աշխատանքից հեռանալու համար՝ ԱՄՆ կառավարության աշխատակիցների թիվը կտրուկ կրճատելու նախաձեռնության շրջանակներում։

Հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր կառավարության արդյունավետության բարձրացման նպատակով երկրում կառույց ստեղծելու մասին՝ իր կողմնակից միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում