Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե արդյոք Տավուշից գործընթացի սկսումը մտահոգիչ չէ, Քոչարյանը պատասխանեց, որ իր համար ընդունելի է սահմանազատման գործընթացի մեկնարկը և դրա ավարտը։
«Խնդիրն այն է, որպեսզի սահմանազատման ընթացքը չկասեցվի։ 2024 թվականին ամենաէական ձեռքբերումը այն է, որ մենք մեկս մյուսի վրա չենք կրակել»- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ամեն մի խաղաղ օր պետք է ճիշտ օգտագործել՝ բանակի հիմքերն ամրացնելու և մեկս մյուսին հանդուրժելու տեսանկյունից։
«Այսօրվա խորհուրդը պետք է լինի միավորող։ Այն հիմքերը, որ դրվել են 1990-ականներին և 1994 թվականին, դարձել են հակառակորդին հրադադարը պարտադրելու հիմք»,- ընդգծել է Քոչարյանը։