Երևան

Քաղաքապետը համարում է, որ հանրությունը թերիմֆորմացված է տոմսային համակարգի ներդրման հարցում

5 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը
Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին հանձնարարեց հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը սահուն կազմակերպելու համար մեկ օրում ամփոփել աշխատանքներն ու որոշումներ կայացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանն այդ մասին խոսեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ 

Երևանի քաղաքապետի կարծիքով, տոմսային համակարգի ներդրման հետ կապված` հանրության շրջանում շատ մեծ է թերինֆորմացվածությունը, ուստի, հարկավոր է մարդկանց լրացուցիչ 1-2 ամիս ժամանակ տալ, որպեսզի նրանք կարողանան խորությամբ ծանոթանալ նոր համակարգին։  

«Տրանսպորտային համակարգի ներդրումը իրապես բարդ գործընթաց էր։ Խոսքը չի գնում միայն շարժակազմի գնման, վարորդների պատրաստման մասին. տեխնիկական բազմաթիվ մեխանիզմների ներդրումը իրապես բարդ աշխատանք է եղել, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մադկանց, որոնք այս ընթացքում կատարել են այս ահռելի ծավալի աշխատանքը: Նպատակը մեկն է՝ Երևան քաղաքն ունենա ստաբիլ որակյալ տրանսպորտային համակարգ, որը մի քանի տարի հետո չի մաշվելու և վերանա, ինչպես եղել է Երևանում մեր բոլոր տրանսպորտային համակարգերի հետ։ Նույնիսկ առաջին գնված նոր գազելները մոտավորապես այդ ճանապարհի վրա էին, եթե մենք խիստ միջոցներ չձեռնարկեինք, այսինքն՝ այդ նոր գնված գազելների մոտ 40 տոկոսն ինչ-որ պահի կանգնած էր»,- նշեց քաղաքապետը:

Ավինյանը նկատեց՝ քաղաքապետարանը բազմաթիվ դժվարությունների է բախվել միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացն իրականացնելիս: Նրա խոսքով՝ դրան նպաստել են նաև ընդդիմադիրների ձեռնարկած մանիպուլյացիաները: 

«Կանխիկ շրջանառությունը վերացնելու ժամանակ հազար ու մի պրոբլեմի առաջ ենք կանգնել. վարորդներն ուղղակի հրաժարվում էին վարել, որովհետև, այդ կանխիկ շրջանառությունը թմրամիջոցի նման բան է այդ համակարգի համար։ Այո, մեր քաղաքական ընդդիմախոսները զբաղվում են քաղաքական թմրավաճառությամբ։ Ես բացառում եմ, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում։ Նրանք հասկանում են, թե ինչ են առաջարկում մարդկանց. նրանք առաջարկում են կոպեկը վերադարձնել շրջանառության մեջ: Բացառում է, որ ես այդ հետադիմությունը թույլ տամ: 

Մենք հիմա վարորդներին առաջարկում ենք լավ աշխատավարձ, առողջապահական ապահովագրություն, արտաժամյա աշխատանքի, պարապուրդի համար վճար, այսինքն՝ մենք առաջարկում ենք մարդկային պայմաններ, որպեսզի վարորդը անի իր աշխատանքը՝ վարի ավտոբուսը, չմտնի որևէ տեսակի կանխիկ գործարքների մեջ։ Մենք այս հարցում հաջողել ենք նաև երևանցիների օգնությամբ։ 

Նոր բան է, բնականաբար, որոշակի գնային փոփոխություններ կան, ու այս ընթացքում մեր ընդդիմադիրները դրանից օգտվում են ու այնպես անում, որ թերինֆորմացվածության, տարատեսակ մանիպուլյացիաների արդյունքում մարդիկ ընկալում են այս փոփոխությունը  որպես վատ բան»,- նշեց Ավինյանն՝ ընդգծելով, որ այս համակարգը կիրառվում է աշխարհի զարգացած բոլոր քաղաքներում։ 

Քաղաքապետը կոչ արեց մարդկանց հասանելի դարձնել այն համոզմունքը, որ 100 դրամով հնարավոր չէ համակարգը պահել, քանի որ պարբերաբար գնվում են նոր ավտոբուսներ, սպասարկման գումարն է ավելանում: 

«Ընդդիմադիրների առաջարկած կոպեկը չի դառնում այդ համակարգը սպասարկող գումար, իսկ սպասարկման գումարներն ավելանում են տարեցտարի: Բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, որ 100 դրամով հնարավոր է այս համակարգը պահել, գիտակցաբար սուտ են խոսում։ Մեր նպատակն այն չէ, որ մարդիկ ավելի շատ վճարեն, մեր նպատակն այն է, որ 7 տարի հետո մենք կարողանանք նոր ավտոբուսներ գնել:

2025 թվականի փետրվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որով երևանցիներին առաջարկվում են հանրային տրանսպորտից օգտվելու տոմսային տարբեր փաթեթներ։ 

Առաջարկվող փաթեթներից քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվել 2025 թվականի հունվարի 1-ից, սակայն մինչև փետրվարի 1-ն ուժի մեջ կլինի մեկ ուղևորությունը 100 դրամ սակագինը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում