Հայաստանը շահագրգռված է Նորդիկ-Բալթիկ երկրների հետ համագործակցության խորացմամբ մի քանի պատճառներով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման շրջանակում:
«Ցանկանում եմ նշել այն պատճառները, որոնց համար Հայաստանը շահագրգռված է էապես խորացնել համագործակցությունը Նորդիկ-Բալթիկ երկրների հետ: Այդ պատճառները շատ թափանցիկ են, շատ պարզ»,-նշեց Միրզոյանը:
Նա ընդգծեց՝ Նորդիկ-Բալթիկ երկրներն այն երկրների շարքում են, որտեղ ժողովրդավարական ինստիտուտներն ամենուժեղն են, ամենաինստիտուցիոնալը, պաշտպանվածը, կայացածը, որտեղ մարդու իրավունքներն ամենապաշտպանվածն են, որտեղ հասարակություններն ամուր կանգնած են ժողովրդավարության և ազատության արժեքների վրա, և որտեղ հասարակությունները հասկանում են այն վտանգներն ու ռիսկերը, որոնց առջև գլոբալ ժողովրդավարությունն այսօր կանգնած է:
«Երկրորդը՝ Նորդիկ-Բալթիկ երկրները մեզ համար տարածաշրջանային գործընկերության և համագործակցության թերևս ամենահիանալի օրինակներից մեկն են: Այս երկու առումով էլ մենք և շատ սովորելու բան ունենք, և հուսով եմ՝ նաև որոշակիորեն տալու բան»,-նշեց ԱԳ նախարարը: